Սեյրան Օհանյանն ընդունել է Microsoft-ի անվտանգության հարցերով տնօրենին

18:11 • 15.12.14

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր ընդունել է «Մայքրոսոֆթ» ընկերության հասարակական անվտանգության և ազգային անվտանգության ու պաշտպանության հարցերով տարածաշրջանային տնօրեն Ռոբերտ Կոսլային:

 

Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից։

 

Ողջունելով պարոն Կոսլային` ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նշել է, որ տեղեկատվական անվտանգության շուրջ ներկա մարտահրավերները հաղթահարելի են միայն միահամուռ ուժերով: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը կարևորել է կիբեռանվտագության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության շրջանակների ընդլայնումն ու փորձի փոխանակումն առաջատար այնպիսի ընկերության հետ,  ինչպիսին «Մայքրոսոֆթ»-ն է:


Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են «Մայքրոսոֆթ» ընկերության ծրագրի շրջանակում առաջարկվող ծառայությունները` անվտանգության ոլորտում տեղեկատվության տրամադրման մեխանիզմները, կիբեռանվտանգության բնագավառում «Մայքրոսոֆթ» ընկերության աջակցությամբ տարբեր երկրներում իրականացվող ծրագրերը:


Անդրադարձ է կատարվել նաև «Մայքրոսոֆթ» ընկերության ուսումնական կենտրոններում  ՀՀ ԶՈԻ անձնակազմի վերապատրաստման և որակավորման դասընթացներ կազմակերպելու հնարավորությանը: