ԵՄ-ն լրագրողների ձերբակալության հարցում Թուրքիային քննադատելու իրավունք չունի. Չավուշօղլու

17:01 • 16.12.14

Եվրամիությունն իրավունք չունի Թուրքիայից պահանջելու ազատ արձակել Ֆեթհուլլահ Գյուլենի կողմնակիցներին, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, փոխանցում է TRT Haber-ը։

 

Արտգործնախարարը նշել է, որ Գյուլենի կողմնակիցների, այդ թվում՝ լրագրողների ձերբակալությունները քաղաքական բնույթ չեն կրում:

 

«Բոլորն ազատ են մտահոգություն հայտնել լրագրողների ձերբակալությունների առնչությամբ: Կարող են նաև արդար դատավարություն մաղթել կամ կոչ անել, սակայն Թուրքիայի կառավարությանը նման խիստ քննադատության ենթարկելը կամ ասելը՝ ազատ արձակեք, ճիշտ չեմ համարում»,- ասել է նա:

 

Հիշեցնենք, որ անցնող օրերին Թուրքիայում զանգվածային ձերբակալություններ են տեղի ունեցել: Ձերբակալվածների թվում են լրագրողներ, այդ թվում՝ թուրքական Zaman պարբերականի խմբագիրը:

 

Zaman և Samanyolu լրատվամիջոցներում, որոնք Գյուլենի հետ կապերով են հայտնի, խուզարկություններ են տեղի ունեցել:

 

ԱՄՆ-ում բնակվող Ֆեթհուլլահ Գյուլենը կրոնական շարժման հիմնադիր է և համարվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանի հիմնական հակառակորդներից մեկը։