Օմբուդսմենը միջազգային գործընկերներին ցուցադրել է Ադրբեջանում հայ գերու նկատմամբ բռնությունների մասին տեսագրությունը

18:03 • 16.12.14

Օմբուդսմենի նախաձեռնությամբ այսօր տեղի է ունեցել հայ զինծառայող Հակոբ Ինջիղուլյանի նկատմամբ Ադրբեջանում կիրառված խոշտանգումների վերաբերյալ տեսանյութի փակ ցուցադրություն, տեղեկացնում է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը:

 

Ադրբեջանում նկարահանված տեսանյութն առգրավվել էր ադրբեջանցի դիվերսանտներից և Օմբուդսմենին տրամադրվել Պաշտպանության նախարարության կողմից:

 

Ցուցադրությանը ներկա են եղել մի շարք դիվանագիտական առաքելությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Ֆրանսիա, ԵԱՀԿ, Եվրոպայի խորհուրդ և ՄԱԿ):

 

Մարդու իրավունքների պաշտպանի՝ զինծառայողների իրավունքների հարցերով տեղակալ Արմեն Գրիգորյանն իր խորին մտահոգությունն է հայտնել Հակոբ Ինջիղուլյանի և առհասարակ բոլոր հայ գերիների նկատմամբ Ադրբեջանում անմարդկային վերաբերմունքի կապակցությամբ:

 

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև զինծառայողների իրավունքների հարցեր: