ԲՀԿ-ն չի առաջնորդվում որքան վատ, այնքան լավ սկզբունքով, որ իրավիճակից օգտվելով՝ իշխանափոխություն իրականացնի.Ն. Զոհրաբյան
Այն, որ ՀՀ-ում պետք է անպայմանորեն լինի իշխանափոխություն, որովհետև իրապես երկիրը կանգնած է ճգնաժամային իրավիճակի առջև բոլոր ոլորտներում, այստեղ երկու կարծիք լինել չի կարող. Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը՝ ի պատասխան եռյակին ուղղված հարցի, թե հնարավո՞ր է երկրում ստեղծված իրավիճակը՝ բռնություններ, տնտեսական խնդիրներ, արագացնեն իշխանափոխության գործընթացը։
«Բայց ես չէի ցանկանա առաջնորդվել որքան վատ, այնքան լավ սկզբունքով, որ ավելի շատ վատ բաներ լինեն, որ արագացնեն իշխանափոխության պրոցեսը: Երկիրն այնպիսի լրջագույն համակարգային ճգնաժամի առջև է կանգնած, որ այս ամենը միանգամայն բավարար է ձեր նշած իշխանափոխությունն իրականացնելու համար: Ես ցավում եմ, որ դիմում են ահա այսպիսի անվայել մեթոդի, ժողովրդավար երկրին ոչ հարիր, երբ կեղծ հայրենասերներ են հայտվում, ազդված մոսկվաբնակ ադրբեջանցիների և թուրքերի ագիտացիայից և իրականացնում են հայրենասիրական ակցիաներ: Ծիծաղելի է, այնքան ծիծաղելի է, որ անպատվաբեր է նման վարկածներ քննարկելը» ,-հավելեց պատգամավորը։
«Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը ևս հարցին անդրադարձավ՝ նշելով, որ իր կարծիքով՝ մինչև հիմա բռնություններով պահել են իշխանափոխությունը, բայց իշխանափոխության համար բռնության տարբերակն իրենք չեն քննարկում:
«Քանի որ իշխանությունը ինքը առանձնացված է ժողովրդից, ժողովուրդն ազատ է իր այդ քվեն որևէ ուժի տալու հարցում, միակ աղբյուրը իշխանության՝ դա ժողովուրդն է, և ոչ ոք չի կարող նրա վզին փաթաթել, պարտադրել, որևէ այլ իշխանություն, քան այն, ինչը ցանկանում է ժողովուրդը»,-ասաց նա։










