Եռյակն ՕԵԿ-ի հետ կրկին կփորձի արտահերթ նիստ հրավիրել՝ պայմանավորված երկրում ստեղծված տնտեսական իրավիճակով
Եռյակը՝ «Բարգավաճ Հայաստան», «Հայ ազգային կոնգրես», «Ժառանգություն» խմբակցություններն «Օրինաց երկիր» խմբակցության հետ կրկին կփորձի արտահերթ նիստ հրավիրել:
Այսօր փակ նիստին հաջորդած ասուլիսին խմբակցության ներկայացուցիչները հայտարարեցին, որ արտահերթ նիստ հրավիրելու պատճառն է երկրում ստեղծված իրավիճակը ՝ գնաճ, դրամի արժեզրկում:
«Մեր բոյկոտը շարունակվելու է, բայցի այդ, մենք հրավիրել ենք չորս քաղաքական ուժերի համատեղ նիստ՝ նկատի ունենալով պետության մեջ ստեղծված իրավիճակը, այն ինչ կատարվում է դրամի հետ, գնաճը և այդ հարցով հրավիրել արտահերթ նստաշրջան»,-հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ տնտեսագետ պատգամավորներն աշխատում են համապատասխան փաստաթղթի վրա, որը հիմք կհանդիսանա արտահերթ նիստ հրավիրելու համար:
«Երկրում ստեղծված է աննախադեպ ֆորսմաժորային իրավիճակ, որը բերել է բնակչության աղքատության, գնաճին, և կարծում ենք, որ բոլոր պատասխանատու կողմերը՝ ԿԲ, Կառավարություն, պետք է լինեն դահլիճում»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը և հավելեց, թե հորդորում է ՀՀԿ գործընկերներին չտապալել առաջարկվող արտահերթ նիստը:
«Որպեսզի միասին կարողանանք ստանալ բոլոր պատասխանները, որոնք հուզում են բոլորին, յուրաքանչյուր ընտանիքին և փորձենք ելքեր գտնել: Թե չէ միայն հղում անել ՌԴ-ին, թե ամեն ինչ պայմանավորված է պատժամիջոցներով, կարծում եմ՝ ճիշտ չէ»,-ասաց նա:
Իսկ թե ՀՅԴ-ն մասնակցո՞ւմ է նախաձեռնությանը՝ Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ իրենք առաջարկել են, սակայն ՀՅԴ-ն էլ իր հերթին է համատեղ տեքստ կազմել, համատեղ հայտարարության համար, որը եռյակի և ՕԵԿ-ի համար ընդունելի չէ:










