Սա արվում է բռնության հետևում կանգնած մի խումբ մարդկանցից մեղադրանքը շեղելու համար. Նիկոլ Փաշինյան

19:39 • 16.12.14

 

ԱԺ «Հանրապետական» և «Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցությունների կողմից հրավիրված արտահերթ նիստին, որի ժամանակ քննարկման դրվեց  ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանին ծեծի ենթարկելու հետ կապված միջադեպը դատապարտելու հայտարարության տեքստը, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, գլխավոր զեկուցող Արմեն Ռուստամյանին դիմելով, նկատեց, թե  այն փաստը, որ հայտարարության համահեղինակ է ՀՀԿ-ն, դա արդեն իսկ կասկածի տակ է առնում տեքստի անկեղծությունը:


«Սա արվում է բռնության հետևում կանգնած մի խումբ մարդկանցից մեղադրանքը շեղելու համար: Երեկվանից այս տեքստը շրջանառության մեջ է դրվում ՀՀԿ-ի կողմից, հանդուրժողականություն է քարոզվում, բայց այսօր էլ ԱԺ նիստում մենք տեսնում ենք, որ սպիտակ մազերով 70-ամյա մարդը չորս երեխաների մայր հանդիսացող պատգամավորի հասցեին փողոցային խոսքեր է ասում, մեկ ուրիշ պատգամավոր էլ անհասցե ափըռ-ցըփըռ հայտարարություններ է անում, հետո գնում, մամուլում ասում՝ էս ինչ պատգամավորին սենց բան ասեց»,-ասաց Փաշինյանը:

 

ՀԱԿ պատգամավորը շարունակեց. «Էս դահլիճում ով ասելու բան ունի՝ պատգամավոր ա, բարձրախոս էլ ունի, հերթագրվելու իրավունք էլ, թե՞ վախենում են բառապաշարի ինսուլին ստանան, վախենո՞ւմ են երեք րոպեն մինչև վերջ չկարողանան ասեն, իրենց իմացած երեք բառն են անընդհատ կրկնում: Ձեր էդ պատգամավորները անուն-ազգանունը գրելու քննությունը չեն կարող հանձնել, անբավարար կստանան»,-ասաց Փաշինյանը:


ԱԺ նախագահն ընդհատեց՝ կոչ անելով ո´չ թե ելույթ ունենալ, այլ՝ հարցադրմամբ հանդես գալ:

 

Փաշինյանն անցավ հարցին. «Պարո´ն Բաղդասարյան, կարո՞ղ եք խմբակցության նիստ անել և ձեր պատգամավորներին բացատրել ախոռի ու ԱԺ-ի տարբերությունը, դա կլինի ձեր ամենամեծ ծառայությունը ՀՀ-ում հանդուրժողականության մթնոլորտ ձևավորելու համար»:

 

Դահլիճում տեղերից արձագանքներ հնչեցին: «Խնդրում եմ՝ ձեզ զուսպ պահեք»,-արձագանքեց Գալուստ Սահակյանը:

 

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ դեմ է քվեարկելու հայտարարության այս տեքստին: