Թուրքիան տասնյակ միլիոններ է տրամադրել, որպեսզի Ցեղասպանության թեման լղոզի. Տիգրան Քոչարյան
Ամենամեծ մարտահրավերը տեղեկատվական դաշտում լինելու է Ցեղասպանութան 100-րդ տարելիցը, ինչին պետք է լավ պատրաստվել: Այս մասին մամուլի ասուլիսին ասաց տեղեկատվական անվտանգության փորձագետ Տիգրան Քոչարյանը:
«Թուրքիան մեծ գումարներ, տասնյակ միլիոններ է տրամադրել, որ այդ թեման լղոզի, տպավորություն ստեղծի, որ թուրքը փոխվել է, ցույց տա, որ հարաբերությունների բարելավում է գնում»,- ասաց նա նշեց, որ մենք ականատես կլինենք բազմաթիվ շոուների` Թուրքիայի կողմից:
Տիգրան Քոչարյանը կարծում է, որ Հայաստանն այստեղ բավականին մեծ անելիքներ ունի, պետք է հաշվի առնել, որ ապրիլի 24-ին ոչինչ չի վերջանալու: «Մինչև Թուրքիան պատասխանատվություն չկրի իր արածի համար, մեր պայքարը չպետք է դադարի»,- ասաց նա:
Ըստ նրա`մասնավորապես Հայաստանի ԱԳՆ-ն, Սփյուռքի նախարարությունը պետք է ավելի ակտիվ գործեն: Նա նկատեց, որ մեզ մոտ հստակ պատկերացում, ռազմավարություն չկա` ինչ պետք է անել, որն է վերջնանպատակը:
Նա հարց բարձրացրեց, թե արդյոք բավարար կլինի մեզ համար, եթե օրինակ` մեկ օրով սահմանը բացվի, Կարսի նահանգապետը Շիրակի մարզպետի հետ ձեռք սեղմի: «Մենք ամեն ինչ պետք է անենք, որ Թուրքիայի կողմից միջազգային հանրության աչքերին փչվող թոզը մաքսիմալ արդյունք չտա»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է Ադրբեջանի գործունեությանը` տեղեկատվական անվտանգության փորձագետը նշեց, որ Ադրբեջանից որոշ քայլեր կարելի է սպասել: Նա նկատեց, որ նավթի գները գնալով ընկնում են, և պետք է սպասենք, թե Ադրբեջանն իրեն ինչպես կպահի, երբ նախկին ճոխությունը չկարողանա թույլ տա: «Պատերազմի վտանգը կավելանա, ներքին դժգոհությունը կաճի»,- ասաց նա և նշեց, որ Ադրբեջանի ներքին լսարանը համոզված է, որ ցանկացած պահի կարող են Արցախն իրենցը դարձնել:










