Ո´չ բռնությանը՝ 3-րդ դասարանի շարադրության տեքստ. ՀԱԿ-ը և ԲՀԿ-ն չեն քվեարկի ՀՅԴ-ի և ՀՀԿ-ի հայտարարությանը
«Հայ ազգային կոնգրես» խմբակցության անդամ Լևոն Զուրաբյանը ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանին ծեծի ենթարկելու հետ կապված միջադեպը դատապարտելու հայտարարության տեքստի՝ ԱԺ արտահերթ նիսում քննարկման ժամանակ հարց բարձրացրեց, թե ով է իսկապես կանգնած այդ բռնարարքների ետևում, ապա պատասխանեց. «Եթե ոմանք պնդում են, որ կանգնած չէ իշխանությունը, ռեժիմը, ուրեմն ակնհայտ էր, թե ինչ պետք է կատարվեր երկրում սրանից հետո՝ ոստիկանապետ Վովա Գասպարյանը պետք է անմիջապես հրաժարական տար»:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նկատողություն արեց, թե դա կապ չունի հայտարարության տեքստի հետ:
ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն էլ կոչ արեց խորհրդարանական մեծամասնությանը, որ եթե համաձայն չեն որևէ ելույթ ունեցողի հետ, թող փորձ չանեն որևէ մեկին լռեցնել:
«Չորս քաղաքակն ուժեր նախաձեռնեցին արտահերթ նիստը, որտեղ մենք կոնկրետ պահանջ դրեցինք՝ պաշտոնանկ անել փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանին: Բայց մեծամասնությունը մերժեց այդ նախաձեռնությունը, որովհետև իրենց ծրագրերի մեջ չէր մտնում կոնկրետ պատժել: Անհրաժեշտ էր կազմակերպել այս իմիտացիոն գործընթացը, որը «ո´չ բռնությանը» երրոդ դասարանի շարադրության մի տեքստ էր: Բնականաբար՝ ԲՀԿ-ն չի կարող նման իմիտացիաներին մասնակցել»,-հայտարարեց նա:
Նաիրա Զոհրաբյանը նաև նշեց, որ քաղաքական մեծամասնությունն է կրում տեղի ունեցածի ողջ պատասխանատվությունը, ուստի պետք է ունենա համարձակություն՝ պաշտոնանկ անել փոխոստիկանապետին, իսկ եթե չի անում, նշանակում է, որ իշխանությունն ասում է՝ այո´, մենք ենք կատարվածի մեղավորը:










