Արևմուտքը «Մայդանում կարկանդակներից» անցել է քաղաքական խոստումների. Պուտին (տարբերակ 11)

13:02 • 18.12.14

16:06 Արևմուտքը «Մայդանում կարկանդակներից» անցել է Կիևին քաղաքական և տնտեսական բնույթի խոստումներ տալուն, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

 

Պուտինը նշել է, որ եթե արևմտյան գործընկերներն այլ դիրքորոշման հետևեին և Մայդանին չսկսեին քաղաքական և տնտեսական բնույթի խոստումներ տալ՝ կարկանդակներ բաժանելուց հետո, այժմ Ուկրաինայում չէր լինի քաղաքացիական պատերազմ և բազմաթիվ զոհեր:

 

Ուկրաինական հակամարտության հետ կապված իրավիճակում ճշմարտությունը Ռուսաստանի կողմն է, այլ ոչ Արևմուտքի: «Ես կարծում եմ, որ մենք ճիշտ ենք ուկրաինական ճգնաժամի հարցում: Ես արդեն ասել եմ, որ մեր արևմտյան գործընկերները ճիշտ չեն»,- ասել է Պուտինը:


15:51 Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ռուսական իշխանություններն ուրախ կլինեն Մոսկվայում տեսնել Վրաստանի կառավարության ցանկացած ներկայացուցչի:

 

Նա ընդգծել է Վրաստանի, Աբխազիայի և Հարավային Օսիայի միջև երկխոսությունը կարգավորելու անհրաժեշտությունը և այդ երկխոսությանն աջակցելու Ռուսաստանի պատրաստակամությունը:

 

Պուտինը հաստատել է, որ ռուս-վրացական հարաբերություններում կան որոշակի դժվարություններ: «Կարելի՞ է այս պայմաններում անել ինչ-որ բան: Դժվար է շատ: Առաջին փուլում հարկավոր է կարգավորել քաղաքական հարաբերությունները: Երկխոսություն պետք է տեղի ունենա»,- ասել է Պուտինը:


15։33 ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատմել է, որ իր սիրային կյանքում ամեն ինչ նորմալ է:


«Ամեն ինչ կարգին է, մի՛ անհանգստացեք: Եվրոպայի ընկերներիցս մեկն ասաց. «Լսի՛ր, սեր ունե՞ս», «Դե այո», պատասխանեցի ես: «Իսկ քեզ ինչ-որ մեկը սիրո՞ւմ է»՝ հարցրեց նա: Ես ասացի՝ «Այո՛»»,- ասել է ՌԴ նախագահը:


15:08 «Մենք պալատներ չունենք, հեղաշրջումն անհնարին է»,- հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք կա նախագիծ պալատական հեղաշրջման դեպքում:

 

«Մենք ունենք Կրեմլի նստավայր, որը լավ հսկվում է»,- հայտարարել է Պուտինը: Ռուսաստանի նախագահի խոսքով՝ երկրում կայունությունը հիմնված է ժողովրդի աջակցության վրա:


15:03 «Ռուսաստանում բոլորը պետք է պահպանեն օրենքը»,- հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմի Պուտինը՝ պատասխանելով ահաբեկիչների բարեկամներին պատկանող տների ոչնչացման վերաբերյալ Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովի նախաձեռնության մասին Քսենյա Սոբչակի հարցին:

 

«Կադիրովը դրա իրավունքը չուներ»,- հավելել է նա:

 

Նա նաև ընդգծել է, որ համաձայն համաշխարհային հակաահաբեկչական փորձառության՝ գրոհայինների բարեկամները, որպես կանոն, իմանում են նրանց պլանների մասին: «Բայց դա մինչդատական հաշվեհարդարի իրավունք չի տալիս»,- ասել է Պուտինը: Նրա խոսքով՝ տների ոչնչացման փաստի առթիվ այժմ ստուգումներ են իրականացվում:


14:39 Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ չի ափսոսում «ՅՈՒԿՕՍ» նավթային ընկերության նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկուն ներում շնորհելու իր որոշման համար: «Ներում շնորհելու ժամանակ ես առաջնորդվում էի մարդասիրական նկատառումներով»,- ասել է նա:

 

«Որտեղ է Խոդորկովսկին ընտրվելո՞ւ»,- հարցը կրկնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այն բանից հետո, երբ նրան խնդրել են մեկնաբանել Միխայիլ Խոդորկովսկու քաղաքական ակտիվությունը: Նա ընդգծել է, որ քաղաքականությամբ զբաղվելն իր իրավունքն է: «Ես ոչ մի բանի մասին չեմ ափսոսում, դա բացարձակ ճիշտ էր»,- ասել է նա:


14:28 Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանի այսպես կոչված «շրջադարձը» դեպի Արևելք կապված է ոչ թե քաղաքականության, այլ համաշխարհային տնտեսության մեջ տեղի ունեցող գործընթացների հետ:

 

Չինաստանի և Արևելքի այլ երկրների հետ բազմաթիվ պայմանագրերը կապված են նրա հետ, որ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանն ավելի արագ է զարգանում, ընդգծել է նախագահը:

 

Պուտինը նաև նշել է, որ Չինաստանի հետ գազային պայմանագրի պայմաններն այնպիսին են, որ նախագիծն «անշուշտ շահավետ» է: Բացի այդ, հենց այդ պայմանագիրը թույլ կտա իրականացնել Հեռավոր Արևելքի գազիֆիկացումը և ստեղծել աշխատատեղեր:


14:15 Հունաստանի հետ Թուրքիայի սահմանին եվրոպական գազային հանգույցի ստեղծման հեռանկարները կախված կլինեն Եվրամիության ցանկությունից, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Պուտինի խոսքերով՝ Եվրոպան դեռ չունի ռուսական գազի հուսալի մատակարարումների այլընտրանք և մոտ ապագայում չի նախատեսվում:


Նա ընդգծել է նաև, որ դեպի Թուրքիա գազամուղի կառուցման մասին համաձայնագիրը Ռուսաստանի առջև բացում է Եվրոպայի ցանկացած երկրներ ցանկացած ուղիով մատակարարումների լայն հնարավորություններ:


14:03 Մարդիկ իրավունք ունեն իրենց ճակատագիրն ինքնուրույն որոշել, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ խոսելով Նովոռոսիայի մասին:

Տնտեսության ներկայիս իրավիճակը Ղրիմի համար վճար չէ, այլ սեփական ինքնիշխանությունը և անկախությունը պաշտպանելու արդյունք: Նա ընդգծել է նաև, որ Ուկրաինայի արևելքում ճգնաժամը պետք է ավարտվի և ինչքան շուտ, այնքան ավելի լավ: Խաղաղությունը պետք է վերականգնվի քաղաքական ճանապարհով, ասել է նա:


Պատասխանելով Ուկրաինայի արևելքում գտնվող ռուս վարձու զինվորների մասին ուկրաինացի լրագրողի հարցին՝ Պուտինն ասել է. «Բոլոր ռուսները, ովքեր սրտի կոչով մասնակցում են Ուկրաինայի հարավ-արևելքում տեղի ունեցող իրադարձություններին, վարձու զինվորներ չեն, որովհետև նրանք դրա համար փող չեն ստանում»:


13:43 ՌԴ տնտեսության իրավիճակը կարող է սկսել կարգավորվել արդեն 2015 թվականի առաջին եռամսյակում, հայտարարել է Վլադիմիր Պուտինը: Նա ընդգծել է, որ բենզինի և սննդամթերքի գների աճը հարկավոր է վերահսկել, դրա համար ամեն օր անհրաժեշտ է հանդիպել արտադրողների հետ:

Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ապագայում չի բացառում դոլարի և եվրոյի փոխարժեքները ներկայիս մակարդակներով: Նրա կարծիքով՝ հնարավոր է նաև նավթի գների հետագա անկում:


«Ի՞նչ ենք մենք անելու: Իրականացնելու ենք այն միջոցները, որոնք մենք կիրառում էինք 2008 թվականին... ուշադրությունը կկենտրոնացնենք այն մարդկանց օգնության վրա, ովքեր ունեն դրա կարիքը»,- ասել է Պուտինը:

 


13:30 Ռուսաստանից վատագույն դեպքում կպահանջվի երկու տարի ճգնաժամից դուրս գալու համար: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահը մեծ մամուլի ասուլիսի ժամանակ: Նա նշել է, որ Ռուսաստանի տնտեսության աճը անխուսափելի է և ներկայիս իրավիճակից ելք կգտնվի:

Պուտինն ընդգծել է, որ Ռուսաստանի տնտեսությունում ներկայիս իրավիճակը հրահրված է արտաքին գործոններով՝ առաջին հերթին էներգակիրների, նավթի գներով: Ընդ որում՝ նա դրական է գնահատել Կենտրոնական բանկի և կառավարության ձեռնարկած քայլերը ռուբլու անկումը կանգնեցնելու համար:


ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը 10-րդ մեծ մամուլի ասուլիսն է տալիս։ Ասուլիսը սկսվում է ժամը 12.00-ին (երևանյան ժամանակով՝ 13.00-ին):

 

Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովին հղումով, Պուտինը, մասնավորապես, կանդրադառնա ՌԴ տնտեսությանն ու միջազգային իրադրությանը։

 

Ասուլիսին մասնակցելու համար հավատարմագրվել է 1.259 լրագրող: Միջոցառմանը, բացի ՌԴ-ից, մասնակցում են թղթակիցներ Գերմանիայից, Վիետնամից, Կորեայից, Չինաստանից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից և այլ երկրներից, այդ թվում` 8 լրագրող Ուկրաինայից: