Սամվել Բալասանյանն ընդունել է ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի անդամ Արթուր Չիլինգարովին

17:29 • 25.02.15

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն այսօր ընդունել է  Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի անդամ, Խորհրդային Միության հերոս, գիտնական Արթուր Չիլինգարովի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում են եղել նաև ռուսական լրատվամիջոցների ներկայացուցիչներ:


Այս մասին հայտնում են Գյումրու քաղաքապետարանի մամուլի ծառայությունից։


Քաղաքապետը բարձր է գնահատել Արթուր Չիլինգարովի ներդրումը  ինչպես գիտության, այնպես էլ  քաղաքականության մեջ: Նա կարևորել է  գիտնականի  դերը հայ և ռուս ժողովուրդների բազմադարյա բարեկամության ամրապնդման հարցում:


Արթուր Չիլինգարովը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և բարձր գնահատանքի համար՝ միաժամանակ նշելով, որ Գյումրի է եկել՝ ցավակցելու հունվարի 12-ին տեղի ունեցած դաժան սպանության հետևանքով Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների մահվան կապակցությամբ:


Վերջինս նաև հետաքրքրվել է դեպքից հետո քաղաքում տիրող իրավիճակից, ինչին  ի պատասխան քաղաքապետ Սամվել Բալասանյանը նշել է, որ այս պահին առկա է գործի նախաքննության հետ կապված տեղեկատվության տրամադրման անհրաժեշտություն:


Արթուր Չիլինգարովը խոստացել է նշված հարցը բարձրացնել ռուսական կողմի մոտ: