100-ամյա տարելիցի առթիվ սփյուռքի 50 գաղթօջախներում 61 հանձնախումբ է ստեղծվել. Հրանուշ Հակոբյան

17:51 • 25.02.15

ԱԺ-ում այսօր «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանի հարցը՝ ուղղված կառավարությանը, վերաբերում էր Ցեղասպանության 100-ամյա տարելիցի վերաբերյալ ընդունված հռչակագրին և այդ ուղղությամբ սփյուռքի հանձնախմբերի աշխատանքներին:


Աճեմյանը նկատեց, թե գրավոր հարցման պատասխանում նշվել է, որ սփյուռքի համապատասխանաբար 50 գաղթօջախներում 61 հանձնախումբ է ստեղծվել և հետաքրքրվեց նրանց գործունեությունից:


«Ակնհայտ է բոլորիս համար, որ հիմնական նպատակը Ցեղասպանության միջազգային ճանաչումն է։ Կուզենայի, որ խոսեիք այդ ուղղվածության և հանձնախմբի աշխատանքի մասին, ինչպես են համակարգում մեր պետական հանձնաժողովի հետ»,-հարցրեց Աճեմյանը:


Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց, որ ՀՀ արտգործնախարարությանը և Սփյուռքի նախարարություններին հանձնարարվել էր աջակցել հանձնախմբեր ստեղծելուն և այսօր ուրախությամբ կարող են փաստել 61 հանձնախմբերի առկայությունը, որոնք էլ, ըստ նրա, արդեն ներկայացրել են իրենց աշխատանքային ծրագրերը: 


«Միաժամանակ, նրանք ընդունել են պետական հանձնաժողովի կողմից ընդունված պահանջները»,-ասաց նա և հավելեց, որ միջոցառումները կարելի է մի քանի մասի բաժանել՝ համապետական, համազգային և տարածաշրջանային:


Համապետական միջոցառումներից նա հիշեցրեց Նախագահի գլխավորությամբ տեղի ունեցած նիստը, որի ժամանակ էլ ընդունվեց «ազգային մեծ լիցք պարունակող հայտնի հռչակագիրը», ինչպես նաև այն համապատասխան միջոցառումները, որ պետք է անցկացվեն Հայաստանում, որից մեկը Ցեղասպանության մեծ ֆորումն է, Ցեղասպանության զոհերի սրբադասման կարգը և այլն: Նրա տեղեկացմամբ՝ միջազգային համաժողովներ են անցկացվելու:


Տարածաշրջանային միջոցառումները, ըստ նրա, 6 մասի կարելի է բաժանել:


«Կարևորը քարոզչական աշխատանքներն են»,-ասաց նա և երկու խոշոր կարևոր քայլերից մեկը համարեց այն, որ Ֆրանսիայի և Ուրուգվայի Նախագահները հանձնախմբերի պատվավոր նախագահներ են:


«Մեր համայնքների փայլուն աշխատանքի արդյունքն է»,-ասաց նա:


Բացի այդ նախարարը փաստեց, որ հանձնախմբերը հասել են այն բանին, որ Արգետինայում, Ուրուգվայում, Ֆրանսիայում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում բացվելու են առանձին թանգարաններ կամ առանձին ցուցադրություններ՝ Հայոց ցեղասպանության թեմայով:


Ըստ նրա, միջազգային որևէ հայտնի լրատվամիջոց չի գտնվի, որ Ցեղասպանության թեմային չանդրադառնա:


«Չկա օր, որ որևէ գիտաժողով չկազմակերպվի»,-ասաց նա և հավելեց, որ նույնիսկ Թուրքիայում են նման համաժողովներ կազմակերպվում: