ԱՄՆ դեսպանի հետ հանդիպմանը Վ. Գասպարյանը կարևորել է ամերիկյան գործընկերների հետ համագործակցությունը

17:56 • 25.02.15

ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն այսօր ընդունել է  Հայաստանի Հանրապետությունում  Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին:


Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից։


Շնորհավորելով հյուրին նշանակման կապակցությամբ՝ Վլադիմիր Գասպարյանը  նշել է, որ Հայաստանի ոստիկանությունը ավանդաբար սերտորեն համագործակցել է ԱՄՆ դեսպանության հետ և հույս է հայտնել, որ գործընկերային հարաբերությունները հետայսու էլ կզարգանան ու կխորանան:


Ռիչարդ Միլսը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և հավաստիացրել, որ արվելու է ամեն ինչ ձևավորված գործակցությունն ամրապնդելու համար:


Վլադիմիր Գասպարյանն ընդգծել է, որ համագործակցությունն ամերիկյան գործընկերների հետ կարևորվում է ոչ միայն փորձի փոխանակման, գիտելիքի յուրացման առումով, այլև Հայաստանի ոստիկանությունում ընթացող բարեփոխումների արդյունավետության համատեքստում:


Ոստիկանության պետը ներկայացրել է բարեփոխումների առաջին փուլում կատարված աշխատանքի արդյունքները և այն խնդիրները, որոնք նախատեսված են երկրորդ եռամյակում՝ ընդգծելով, մասնավորապես, ոստիկանության թափանցիկ գործունեության ապահովումը, հանրությանը ծառայություն մատուցող կառույցների որակական արդիականացումը, կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանն ուղղված գործողությունները, ոստիկանության հանդեպ հասարակության վստահության ամրապնդումը և այլն:


Դեսպան Միլսը հավաստիացրել է, որ դեսպանությունը հետաքրքրված է Հայաստանի ոստիկանության բարեփոխումներով, և ամերիկյան կողմը պատրաստակամ է երկրորդ փուլում օժանդակություն ցուցաբերել այն կարևոր ուղղություններով, որոնց ԱՄՆ-ը կարող է աջակցել:


Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս: