Վրաստանը հերքել է սահմանին «ռուսական ռազմական մեքենաների» հայտնվելու մասին տեղեկությունները
Վրացական հեռուստաալիքների տեղեկությունը, թե նախօրեին երկու «ռուսական ռազմական մեքենաներ» հատել են վրաց-ռուսական սահմանը և ուղևորվում են Հայաստան, չեն համապատասխանում իրականությանը, հայտնել են Վրաստանի ներքին գործերի նախարարությունից, հաղորդում է interfax.ru-ն:
«Ռուսթավի-2» հեռուստաալիքին տված հարցազրույցում նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ղեկավարած «Միացյալ ազգային շարժման» առաջնորդներից մեկը՝ խորհրդարանի պատգամավոր Գիվի Թարգամաձեն հայտարարել է, որ այդ մեքենաները կարող են վտանգ ներկայացնել Վրաստանի անվտանգությանը, քանի որ նրանց օգնությամբ կարող է գաղտնալսում իրականացվել Թբիլիսիիում բարեկամական երկրների դեսպանատների նկատմամբ:
Միևնույն ժամանակ Վրաստանի ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից հայտնել են, որ «ռուսական ռազմական մեքենաները, որոնք նախօրեին նկատել են Թբիլիսիում, ոչ մի վտանգ չեն ներկայացնում Վրաստանի անվտանգության համար»:
«Երկու դուրս գրված ռազմական բեռնատար ավտոմեքենաները Ռուսաստանում գնել է ոմն քաղաքացի, ով մտադիր է եղել դրանք պահեստամասերի վերածել և վաճառել Թբիլիսիի ավտոշուկայում»,- հայտնել են նախարարությունից։










