ՀՅԴ քարտուղարն առաջարկեց «շըփ-թըփ» ռեժիմով չքննարկել «Շահութահարկի մասին» օրենքի լրացումները (տեսանյութեր)

13:40 • 25.02.15

Ազգային ժողովի «Օրինաց երկիր» և «Հայ Յեղափոխական դաշնակցություն»,  խմբակցությունների պատգամավորներ Աղվան Վարդանյանը և Հեղինե Բիշարյանն այսօր իշխող մեծամասնությանն առաջարկեցին «շըփ-թըփ» ռեժիմով  չքննարկել   «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին հարցը, որ պետք է ընդունվի հրատապության կարգով՝ 48 ժամվա ընթացքում:


ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը հայտարարեց. «Բայց այդ 48 ժամն ինչի՞ համար է: Պատրաստվում եք 50 միլիարդ արտահանել, և եթե 48 ժամում չընդունենք, կուշանանք, հա՞: Հանգիստ, նորմալ թողեք` քննարկենք, գնանք առաջ, ինչի՞ համար է էս շտապողականությունը: Եթե ինչ-որ մեկը շտապում է, ասեք՝ իմանանք: Եթե մեկ ամիս հետո այս օրենքն ընդունվի, ի՞նչ պետք է լինի»:


Ինչին ի պատասխան՝ նիստը վարող Գալուստ Սահակյանն արձագանքեց, որ տնտեսական որոշ օրենքներ արագ քննարկում և արագ կարգավորում են ենթադրում:


Ամեն ինչ սկսվեց «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի հիշեցումից, որ հինգշաբթի օրը, երբ քննարկվում էր օրինագիծը ՕԵԿ-ը հորդորել էր, որպեսզի տեղի ունենան լսումներ և քննարկումներ:


«Հիմա ստացվում է այնպես, որ ընդհանրապես Ազգային ժողովի ձայնը լսելի չէ, մեր առաջարկներն արհամարհվում են և այսօր 48-ժամյա ռեժիմով նորից բելել են քննարկելու «Շահութահարկի մասին» օրենքում փոփոխությունները , այն դեպքում , երբ այստեղ նստած քաղաքական ուժերը դեմ քվեարկեցին»,- ասաց Հեղինե Բիշարյանը և ավելացրեց, որ դահլիճում նստած շատ մարդիկ կան, որոնց հետաքրքրում է, թե ում և ինչի համար է տրվում այդ 50 միլիարդանոց շեմը և ինչի համար՝ արտոնությունները:


Հեղինե Բիշարյանը ԱԺ տնտեսական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանին «դու»-ով դիմելով ասաց. «Հարգելի գործընկեր,կարծում եմ, որ դու ներկա էիր , երբ մենք առաջին ընթերցմամբ քննարկում էինք այդ նախագիծը, և բոլորս հստակ պատկերացնում ենք, որ խոսքը արտահանման մասին է, ես էլ ասում եմ՝ այդ ո՞վ է 50 միլիարդի ապրանք  արտահանելու»: