Պուտինի ստորագրմանն է ներկայացվել Ռուսաստանի և Հրվ. Օսիայի համագործակցության մասին պայմանագիրը

10:32 • 25.02.15

Ռուսաստանի Դաշնության կառավարությունը նախագահ Վլադիմիր Պուտինի ստորագրմանն է ուղարկել Հարավային Օսիայի հետ համագործակցության և ինտեգրման մասին պայմանագիրը: Այդ մասին ասված է Ռուսաստանի կառավարության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ, գրում է lenta.ru-ն:

 

Պայմանագիրը կնքվում է 25 տարի ժամկետով՝ հնարավոր երկարաձգմամբ: Պայմանագիրը պետք է վավերացնեն երկու երկրների խորհրդարանները:

 

Պայմանագիրը հիմք է հանդիսանում սոցիալական, տնտեսական և մարդասիրական ոլորտներում, ինչպես նաև արտաքին քաղաքականության, պաշտպանության և անվտանգության հարցերում երկու կողմերի ավելի սերտ համագործակցության փուլային հաստատման համար: Ընդ որում՝ պահպանվում է Հարավային Օսիայի պետական ինքնիշխանությունը:

 

Մասնավորապես՝ Ռուսաստանն իր վրա է վերցնում պետության սահմանների պաշտպանությունը, ներդրվում է ՌԴ-ի հետ միասնական մաքսային հսկողություն: Հարավային Օսիայում թոշակներն ու միջին աշխատավարձերը բարձրացվում են Ռուսաստանի հյուսիսկովկասյան շրջանների մակարդակի:

 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսաստանի և Հարավային Օսիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը և Դավիդ Սանակոևը ստորագրել են պետական սահմանի մասին պայմանագիր: