Տեսախցիկների քանակի աճին զուգահեռ դիմակավորված բանդայի գործունեության դեպքերը չեն բացահայտվում. Ն. Փաշինյան

18:34 • 25.02.15

ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի՝ կառավարությանն ուղղված հարցը վերաբերում էր արագաչափերի և տեսախցիկների արձանագրած տուգանքների հետևանքով հավաքագրված գումարներին։


Դա, ըստ նրա, թերևս մի ոլորտն է, որտեղ կառավարությունը կարողացել է աճ ապահովել:


«Նախորդ տարի այս թիվը 8 մլրդ 850 մլն դրամ էր, իսկ արդեն 2014թ.-ին այն դարձել է 10 մլրդ դրամ»,-ասաց նա և նկատեց, թե այդ սարքերի հիմնական գործառույթ էր որակվել անվտանգության բարձրացումը, մինչդեռ վթարների և պատահարների թիվը չի նվազել, և դեռ ավելին, ըստ վիճակագրության՝ ավելացել է:

 

«Երբ այս թիվը համեմատում ենք 2011թ-ի հետ, երբ տեսախցիկներ չկային՝ ճանապարհատրանսպորտային վթարների թիվն աճել է 33,5%-ով: Ստացվում է, որ ըստ էության ոչ մի դրական փոփոխություն չկա, երեք տարիների ընթացքում մոտ 24 մլրդ դրամ է, որը ՀՀ քաղաքացիներն օգտագործում էին իրենց ընտանիքի ծախսերը ապահովելու համար, հիմա տալիս են ոստիկանությանը, որը 50/50 կիսվում է «Սեքյուրիթի Դրիմի» միջև»,-ասաց նա և շարունակեց, թե դրան զուգահեռ՝ դիմակավորված բանդայի գործունեության երեք դեպք է արձանագրվել, որ մինչև այսօր չի բացահայտվել։ 


Աճել է նաև առանձնապես ծանր հանցագործությունների թիվը:

 

«Հիմա հարցս, էդ փողերը մեզանից տանում եք, ի՞նչ եք անում, երբ ոչ մի տեղ արդյունքները չեն երևում»,-ասաց նա:


Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը  չհամաձայնեց պատգամավորի հետ` նշելով, որ դրական տեղաշարժ կա: Նա մի քանի տեղեկատվություն տվեց, ըստ որի՝ այդքան էլ վատ չէ վիճակը և նշեց, որ օրինակ տեսախցիկների ծածկույթի վայրերում 85%-ով իրավախախտումների ծավալը նվազել է։ Բացի այդ, մարզերում, միջպետական ճանապարհների վրա, ՃՏՊ-ների դեպքերը դեպի նվազման են գնում, մարզային կտրվածքով վթարային զոհերի թիվը կրճատվել է:

 

Նա խնդրեց չմոռանալ, որ ՀՀ ներմուծված մեքենաների թիվը 150 000-ով ավելացել է, ինչն էլ թույլ է տալիս ենթադրել, որ երթևեկության ծավալները մեծացել են, և, բնականաբար, վթարներն էլ շատանում են:

 

«Միևնույն ժամանակ ձեր մտահոգությունը կիսում եմ, պարո՛ն Փաշինյան, որովհետև տոկոսներով խոսում ենք թվերի մասին, զոհերի, որը տհաճ է: Միայն արագաչափերով խնդիրը լուծել հնարավոր չէ: Կառավարությունը փորձում է կանոնակարգման համալիր մոտեցում ցուցաբերել խնդրին»,-ասաց նա:

 

Փաշինյանն արձագանքեց, թե պատասխանից ստացվում է, որ իրավիճակն այդքան սարսափելի չէ, որքան թվերն են հուշում։

 

«Բայց, ինչպես ասում են, սատանան էլ այդքան սարսափելի չի, ինչքան նրա մասին ասում են, բայց դրանից գնահատականը չի փոխում»,-հայտարարեց նա։