ԱՄՆ-ն ռեկորդային գումար է խոստացել ռուս հաքերի մասին տեղեկությունների համար
ԱՄՆ պետքարտուղարությունը և Հետաքննությունների դաշնային բյուրոն երեքշաբթի 3 միլիոն դոլար են խոստացել տեղեկության համար, որը կհանգեցնի Ռուսաստանի քաղաքացի Եվգենի Բոգաչովի ձերբակալությանը կամ նրա նկատմամբ դատավճռի, հաղորդում է Reuters-ի ռուսական ծառայությունը:
Ինչպես նշվում է՝ սա Ամերիկայի պատմության մեջ կիբերհանցագործության համար մեղադրվողին գտնելու գործընթացին աջակցության համար նախատեսված ամենախոշոր մրցանակն է:
Հետաքննությունների դաշնային բյուրոն հրապարակել է հետախուզության մասին հայտարարությունը Բոգաչովի մի քանի լուսանկարներով:
«Հետախուզվում է Եվգենի Միխայիլովիչ Բոգաչովը, ով համացանցում հայտնի է lucky12345 և slavik կեղծանուններով։ Նա ենթադրաբար մասնակցել է լայնամասշտաբ դրամաշորթության, ինչպես նաև վարակել է տուժածների համակարգիչները Zeus վիրուսով»,- հայտարարել է Հետաքննությունների դաշնային բյուրոն:
«Այդ վնասաբեր ծրագրային ապահովումն օգտագործվել է բանկային հաշիվներ, գաղտնաբառեր, անձնական նույնականացման համարներ և նման տվյալներ ստանալու համար, որոնք անհրաժեշտ են եղել էլեկտրոնային բանկային հաշիվներին մուտք ստանալու համար»,- ասված է հաղորդագրության մեջ:
Վաշինգտոնը կարծում է, որ Zeus վիրուսի ձևափոխված տարբերակը՝ Gameover Zeus-ը, վարակել է մեկ միլիոնից ավելի համակարգիչ և հանգեցրել ավելի քան 100 միլիոն դոլարի ֆինանսական կորստի:
Հետաքննությունների դաշնային բյուրոն կարծում է, որ Բոգաչովը, ում վերջին բնակության վայր է նշվում Անապան, շարունակում է գտնվել Ռուսաստանում:










