Ռուսական մանրածախ առևտրի ցանցերը կսառեցնեն գները երկու ամսով. Ведомости

09:59 • 25.02.15

Ռուսաստանի խոշոր մանրածախ ցանցերը, որոնք մտնում են Մանրածախ առևտրի ընկերությունների ասոցիացիայի մեջ, պատրաստ են սառեցնել սոցիալապես կարևոր ապրանքների գները: Այդ մասին գրում է «Ведомости» թերթը:

 

Մանրածախ առևտրի ընկերությունների ասոցիացիայից նամակ են ուղարկել Դաշնային հակամենաշնորհային ծառայություն, որտեղ ներկայացրել են իրենց առաջարկը: Եթե հակամենաշնորհային ծառայությունը հավանության արժանացնի այդ նախագիծը, ապա երկու ամսով կսառեցվեն այնպիսի ապրանքների գները, ինչպիսին են՝ տավարի, խոզի, գառան միսը, հավը, ձուկը, կաթը, որոշ կաթնամթերքներ, շաքարը, աղը, արևածաղկի ձեթը, ձավարի որոշ տեսակներ, կարտոֆիլը, կաղամբը, գազարը, խնձորը:

 

Ավելի վաղ մի քանի առևտրի ցանց արդեն սառեցրել է գները սոցիալապես կարևոր ապրանքների համար: Երկու շաբաթ առաջ Metro Cash & Carry-ն սահմանափակում է մտցրել մի քանի տեսակ ապրանքների արժեքի համար: