Սաակաշվիլին և Պարուբին մեկնել են ԱՄՆ՝ զենքի մատակարարման մասին պայմանավորվելու
Վրաստանի նախկին նախագահ, այժմ Ուկրաինայի նախագահի խորհրդական Միխեիլ Սաակաշվիլին ԱՄՆ Կոնգրեսում բանակցություններ կվարի Ուկրաինային զինամթերք տրամադրելու վերաբերյալ։ Այդ մասին Սաակաշվիլին գրել է Facebook սոցկայքում, փոխանցում է Корреспондент-ը։
Սաակաշվիլին գրել է, որ առաջին հանդիպումն անցկացրել է «Մագնիտսկու ցուցակի» հեղինակ սենատոր Բեն Կարդինի հետ, նախատեսված է 34 հանդիպում Սենատի, Ներկայացուցիչների պալատի տարբեր հանձնաժողովների և այլ քաղաքական առաջնորդների հետ։
Միևնույն ժամանակ, Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահի առաջին տեղակալ Անդրեյ Պարուբին Վաշինգտոն է տարել ուկրաինացի ուժայինների հետ համաձայնեցված անհրաժեշտ զինամթերքի ցուցակը։
Նրա խոսքով՝ ցուցակն արդեն փոխանցվել է ԱՄՆ նախագահին։ Սակայն Պարուբին նշել է, որ մտադիր է փաստաթուղթը ներկայացնել նաև ամերիկացի այլ պաշտոնատար անձանց, ովքեր ունեն որոշման կայացման հետ անմիջական կապ։










