Է. Շարմազանովը դատապարտել է Հս. Իրաքում եզդիների նկատմամբ զանգվածային բռնությունները
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այսօր ընդունել է Հայաստանում եզդիական համայնքի անդամներ Համլետ Սմոյանին, Բորիս Թամոյանին, Ռուստամ Բաքոյանին, Սաշիկ Սուլթանյանին և Մամե Ամիրյանին:
Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
Հանդիպման առանցքում եղել է տարբեր ազգերի նկատմամբ իրականացված ոճրագործությունների դատապարտման վերաբերյալ հարցը:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մեկ անգամ ևս դատապարտել է Հյուսիսային Իրաքում եզդի ժողովրդի նկատմամբ ամիսներ առաջ իրականացված զանգվածային բռնությունները՝ նկատելով, որ այդ մասին ՄԱԿ-ի բարձր ամբիոնից խոսել և տեղի ունեցած բռնությունները դատապարտել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:
Եզդիական համայնքի անդամներն իրենց հերթին բարձր են գնահատել երկրի Նախագահի ելույթը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում:
Քննարկման ընթացքում համաձայնություն է կայացվել ՀՀ Ազգային ժողովում առաջիկայում կազմակերպել լուսանկարների ցուցադրությունը, որը կներկայացնի Հյուսիսային Իրաքում եզդի ժողովրդի նկատմամբ իրականացված զանգվածային բռնությունները:
Բացի այդ՝ կստեղծվի աշխատանքային խումբ, որը կզբաղվի եզդիների նկատմամբ տարբեր ժամանակներում իրականացված բռնությունների և պատմական փաստերի ուսումնասիրությամբ:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ 2015 թվականից սկսվում է ցեղասպանությունների դատապարտման նոր փուլ:










