2015-ին կհստակեցվեն ԵՄ-ՀՀ համագործակցության շրջանակներն ու հնարավոր ապագան. Տրայան Հրիսթեա

11:14 • 25.02.15

Սա կարևոր տարի է ԵՄ-Հայաստան հարաբերությունների տեսանկյունից, որտեղ հստակեցվելու են ԵՄ-ՀՀ համագործակցության շրջանակներն ու հնարավոր ապագան, հատկապես, երբ խոսքը գնում է իրավական հիմքերին: Այս մասին ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան՝ «ԵՄ-Հայաստան համագործակցության հեռանկարները ներկայիս քաղաքական համատեքստում» թեմայով միջազգային կոնֆերանսի ժամանակ:


«ԵՄ-ն ակնկալիքով սպասում է այս աշխատանքների ավարտին և սկսել է աշխատել ՀՀ-ԵՄ բանակցություններ նոր համաձայնագրի շուրջ»,- ասաց Տրայան Հրիսթեան՝ ընդգծելով, որ իրենց նպատակն է խթանել քաղաքացիական հասարակության մասնակցությունը ԵՄ-ՀՀ երկկողմ հարաբերությունների հետագա ձևավորմանը:


Նրա խոսքով՝ այս համաժողովը պլատֆորմ է, որը կնպաստի տեսակետների փոխանակմանը քաղաքացիական հասարակություն և  հասարակության այլ հատվածների միջև: «ԵՄ-ն Հայաստանի հետ հեռանկարային հարաբերություններ է նախանշում: Կողմերն ունեն քաղաքական կամք»,- ասաց ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարը:


ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը, որ նույնպես մասնակցում էր կոնֆերանսին, ասաց, թե «մեր ակնկալիքներն այն են, որ կարողանանք հստակ ձևակերպումներ տալ Հայաստանի առաջնահերթություններին արտաքին քաղաքական բնագավառում և ԵՄ հետ հարաբերություններում»: