Վատիկանը ներողություն է խնդրել Մեքսիկայից՝ Հռոմի պապի խոսքերի համար

17:30 • 25.02.15

Հռոմի պապի ազատ խոսելաոճը նրա համար դիվանագիտական խնդիրներ է ստեղծել, գրում է startribune.com-ը:

 

Վատիկանից չորեքշաբթի հայտնել են, որ նամակ են հղել Մեքսիկայի դեսպանին՝ պնդելով, որ Ֆրանցիսկոս պապը «բացարձակապես չի ցանկացել վիրավորել Մեքսիկայի ժողովրդին»՝ խոսելով թմրանյութերի առևտրի առումով իր հայրենի Արգենտինայի «մեքսիկանացման» մասին:

 

Ֆրանցիսկոս պապը նման խոսքեր էր ասել էլեկտրոնային նամակում՝ ուղղված իր արգենտինացի ընկերոջը, ով ներգրավված է թմրանյութերի առևտրի դեմ պայքարում: Արգենտինացի ընկերն ավելի ուշ այս նամակը հանրայնացրել է: Մեքսիկան պաշտոնապես բողոք է ուղարկել Վատիկան:

 

Չորեքշաբթի օրը տարածված հայտարարության մեջ Վատիկանը նշել է, որ Հռոմի պապի խոսքերը եղել են անձնական նամակում և որ նա ընդամենը կրկնել է իր ընկերոջ ասածը: Վատիկանը նշել է, որ Ֆրանցիսկոս պապը ոչ մի կերպ չի ցանկացել նսեմացնել թմրանյութերի առևտրի դեմ պայքարում Մեքսիկայի ջանքերը: