ԼՂՀ վարչապետն ընդունել է ՀՀ ՏԿԱԻ նախարարին

12:45 • 25.02.15

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը փետրվարի 25-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանին:


Այս մասին հայտնում են ԼՂՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։


Վարչապետը ողջունել է տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների ոլորտներում ձևավորված համագործակցության բարձր մակարդակը՝ կարևորելով այդ ուղղությամբ կատարվող աշխատանքների բազմապատկման անհրաժեշտությունը:


Ա. Հարությունյանը ներկայացրել է ԼՂՀ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման առանձնահատկությունները, ինչպես նաև բնագավառում նախատեսվող բարեփոխումների հիմունքները:


Ա. Երիցյանը, շեշտադրելով իր պատրաստակամությունը հնարավորինս աջակցելու ՀՀ և ԼՂՀ պետական մարմինների միջև ոլորտային համագործակցության զարգացմանը, առաջիկա քայլերի վերաբերյալ ներկայացրել է իր պատկերացումները: Կողմերի միջև պայմանավորվածություններ են ձեռք բերվել առկա համատեղ ծրագրերի խորացման ուղղությամբ:

 

Մասնավորապես, միջմարզային համագործակցության և արտակարգ իրավիճակների բնագավառի մասնագետների վերապատրաստման հարցերը գտնվելու են պետական համապատասխան մարմինների ուշադրության ներքո:

 

Հանդիպմանը մասնակցել են նաև փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, կառավարության աշխատակազմի ղեկավար Լևոն Գրիգորյանը, ԿԱ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Արթուր Հարությունյանը և այլ պաշտոնատար անձինք: