Փաստաբանը հայտարարություն է տարածել Ավետիսյանների սպանության գործով
Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ փաստաբան Երեմ Սարգսյանը Facebook-ի իր էջում հայտարարություն է տարածել սպանության վերաբերյալ քրեական գործով։
Հայտարարությունում ասվում է.
«Հաշվի առնելով սույն թվականի հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների դաժան սպանության դեպքի հասարակական հնչեղությունը և դրանից հետո լրատվական տարբեր միջոցներով բազմիցս տարածված այն տեղեկատվությունը, որ բազմաթիվ այլ փաստաբաններ նույնպես պատրաստ են այս քրեական գործի շրջանակներում անվճար ներկայացնել տուժողների իրավահաջորդների շահերը, դեռևս փետրվարի 14-ին Գյումրի կատարած այցի ժամանակ տուժողների իրավահաջորդների հետ քննարկումների արդյունքում հանգել ենք այն համոզմունքին, որ ցանկալի է, որպեսզի սույն քրեական գործով տուժողների իրավահաջորդների շահերի ներկայացուցչությունն իրականացվի փաստաբանական խմբի կողմից:
Վերը նշվածից ելնելով`տուժողների իրավահաջորդներ Լուսինե Ավետիսյանը, Անահիտ Կոշտոյանը և Եգոր Ադամյանը ՀՀ-ում գործող քրեական մասնագիտացմամբ բոլոր այն փաստաբաններին, ովքեր պատրաստ են նույնպես անվճար հիմունքներով սույն քրեական գործի քննության ընթացքում ներկայացնել իրենց շահերը,առաջարկում են 077-50-35-17 և 093-38-35-98 հեռախոսահամարներով կապ հաստատել իրենց հետ` հետագա քննարկումների և համաձայնություն ձեռք բերելու համար»:
Հիշեցնենք, որ Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին՝ վաղ առավոտյան, ժամը 06:00-ի սահմաններում, նրանց մահը վրա է հասել հրազենային վնասվածքներից։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական փոքրիկը՝ Սերյոժա Արմենի Ավետիսյանը, ով կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն, այնուհետև` յոթ օր անց մահացել:
Սպանության կասկածանքով ձերբակալվել էր Գյումրիում 102–րդ ռուսական ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը։ Այսօր ռուսական լրատվամիջոցները հայտնել էին, որ նա կդատվի 102–րդ ռազմաբազայի տարածքում։
Հիշեցնենք նաև, որ սպանություններին հաջորդել էին հուզումները Գյումրիում՝ կասկածյալին ՀՀ արդարադատությանը հանձնելու պահանջով, տեղի էին ունեցել բախումներ ոստիկանության և քաղաքացիների միջև։










