«Ալ-Կաիդան» ահաբեկչություններ էր պատրաստում Ռուսաստանում
«Ալ-Կաիդա» ահաբեկչական խմբավորումն ահաբեկչություններ էր պատրաստում Ռուսաստանում և Եվրոպայում: Այդ մասին են վկայում 2011 թվականին Պակիստանի Աբոթաբաթ քաղաքում իր թաքստոցում խմբավորման առաջնորդ Ուսամա բեն Լադենի ոչնչացումից հետո առգրավված փաստաթղթերը, գրում է lenta.ru-ն:
Նյութերը ներկայացվել են չորեքշաբթի օրը՝ փետրվարի 25-ին, Նյու Յորքի դատարանում Պակիստանի բնակիչ Աբիդ Նասիրի գործի քննության ընթացքում, ում կասկածում են Նյու Յորքի մետրոյում և բրիտանական Մանչեսթր քաղաքի առևտրի կենտրոնում ահաբեկչություններ կազմակերպելու նպատակով դավադրության համար:
Բեն Լադենի անունով նամակում, որը հրապարակել է դատախազությունը, մասնավորապես ասվում է Ռուսաստան «Ալ-Կաիդայի» անդամներ ուղարկելու պլանների մասին՝ գազամուղի պայթեցումը կազմակերպելու կամ ԱՄՆ դեսպանատան վրա հարձակման համար:
Նամակում նաև նշվում է Մեծ Բրիտանիայում «մի քանի թիրախների» վրա հարձակման հնարավորությունը: Նամակի հեղինակը և նամակն ուղարկելու ամսաթիվը չի բացահայտվում:










