Ուկրաինայի անջատողականները հայտնել են Լուգանսկի շրջանի արևմուտքում մարտերի մասին
Ինքնահռչակ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության աշխարհազորայինների շտաբից հայտնել են, որ Լուգանսկի շրջանի արևմուտքում շարունակվում են բախումներն անջատողականների և ուկրաինական բանակի միջև, գրում է gazeta.ru-ն:
Ինքնահռչակ ԼԺՀ-ի ներկայացուցիչները պատմել են, որ ուժայիններն աշխարհազորայինների դիրքերի ուղղությամբ հարվածել են նռնականետերից:
«Ազգային գվարդիան հանկարծակի հարվածել է մեր դիրքերի վրա ականանետերից և հարձակման է անցել այսպես կոչված «համարային» անցակետերից, որտեղ կենտրոնացած են զգալի ուժեր»,- հայտնել են ինքնահռչակ ԼԺՀ-ի շտաբից:
Անջատողականների խոսքերով՝ իրենց հաջողվել է ոչնչացնել մի քանի միավոր զրահապատ տեխնիկա և ուժայիններին հետ շպրտել սահմանագծից այն կողմ:
ԼԺՀ-ի շտաբում հավելել են, որ ուժայինների շրջանում կան զոհեր, զոհերի թիվը չի հստակեցվում:
Հիշեցնենք, որ օրերս Մինսկում «նորմանդական քառյակի»՝ Ուկրաինայի, Ռուսաստանի, Ֆրանսիայի և Գերմանիայի առաջնորդները պայմանավորվել են փետրվարի 15-ի ժամը 00։00-ից կրակը դադարեցնելու մասին:










