Դուք էլ լավ գիտեք, որ ձեր կարևոր խնդիրներից մեկը անձանց խմբի բացահայտումն է. Արծվիկ Մինասյանը՝ ՏՄՊՊՀ նախագահին
ԱԺ-ում Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ընթացիկ տարվա գործունեության քննարկման ժամանակ ԱԺ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հայտարարեց, թե համակարծիք չէ ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանի այն հայտարարության հետ, թե իրեն չի հետաքրքրում տնտեսվարող սեփականատերերի ով լինելը:
«Դուք էլ լավ գիտեք, որ Ձեր կարևոր խնդիրներից մեկը անձանց խմբի բացահայտումն է, որպեսզի կարողանաք ապահովել պատշաճ մրցակցային պայմաններ և անհրաժեշտ գործողություններ: Սեփականատերերը Ձեզ միանշանակ հետաքրքրում են»,-ասաց նա:
Մինասյանը նաև հարց ուղղեց նաև ապրանքների որակի մասին, այն ապրանքների, որոնք ցածր գներով են վաճառվում, և արդյունքում սպառողների առողջական վիճակն է վտանգվում:
Արտակ Շաբոյանն ընդգծեց, որ երբ ասում էր, թե իրեն չի հետաքրքրում, թե ովքեր են սեփականատերերը, ի նկատի ուներ, որ չեն կարևորում նրանց՝ պաշտոններ զբաղեցնելը. «Իհարկե, մեր գործառույթների մեջ է մտնում համակենտրոնացումների նկատմամբ ուշադրությունը, և այս տեսանկյունից համապատասխան ուսումնասիրություններ կատարում ենք, ու այդ տեղեկատվությունը մեզ անհրաժեշտ է»:
Ինչ վերաբերում է որակի ու մրցակցության խնդիրների փոխկապակցվածությանը, ապա Շաբոյանն ասաց, որ որակի խնդիրը իրենց հանձնաժողովի իրավասության շրջանակներից դուրս է գտնվում։ Այնուհանդերձ, ըստ նրա, որակի հետ կապված խնդիրը կարող է անբարեխիղճ մրցակցության առիթ հանդիսանալ:
Շաբոյանը հորդորեց պատգամավորներին նաև որակի հետ կապված խնդիրներ նկատելու դեպքում տեղեկացնել հանձնաժողովին:










