Մոգերինին հայտնել է Կուբայի և ԵՄ-ի միջև համաձայնագրի կնքման հնարավոր ժամկետը

15:03 • 25.03.15

Եվրամիությունը և Կուբան կարող են ավարտել հարաբերությունների կարգավորման գործընթացը մինչև 2015 թվականի ավարտը: Այդ մասին հայտարարել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին Հավանայում, որտեղ նա գտնվում է այցով, գրում է interfax.ru-ն:

 

«Մենք բանակցությունների արագացման գործընթացի մեջ ենք, վերջնական համաձայնագիրը կարող է ընդունվել մինչև այս տարվա վերջ»,- հայտնել է նա լրագրողներին՝ Կուբայի ղեկավար Ռաուլ Կաստրոյի հետ հանդիպումից հետո:

 

Նա նաև ողջունել է Կուբայի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցությունները, սակայն նշել է, որ այդ բանակցությունները և ԵՄ-Կուբա բանակցությունները կապված չեն իրար հետ:

 

Այցի շրջանակներում Մոգերինին համաձայնագիր է ստորագրել Եվրամիության կողմից Կուբային գյուղատնտեսության զարգացման նպատակով 50 միլիոն եվրո տրամադրելու մասին: