Ես չէի գնա նման հանդիպման. Րաֆֆի Հովհաննիսյանը՝ Նախագահի հետ հանդիպելու մասին

15:50 • 25.03.15

«Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում խոսելով իր բացակայության ժամանակ կուսակցության ներսում տեղի ունեցող իրադարձությունների մասին, մասնավորապես նրա, որ կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը և ԱԺ-ում «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը հանդիպել էին ՀՀ Նախագահին՝ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի քննարկումների շրջանակում, նշեց, տեղի է ունեցել միջկուսակցական, ոչ պաշտոնական խորհրդակցություն՝ Հանրապետական կուսակցության նախագահի և «Ժառանգության» վարչության երկու անդամների միջև:


«Իմ բացակայության օրերին առօրյա գործունեության համար պատասխանատու էր վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, և թեև կային մեթոդաբանական սխալներ՝ չկշռադատված որոշ գործոններ, հիմնական խնդիրը Արմեն Մարտիրոսյանի և վարչության որոշման մեջ էր»,- հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը:


Շարունակելով իր խոսքը՝ «Ժառանգության» առաջնորդն ասաց, թե  Արմեն Մարտիրոսյանը և Ռուբեն Հակոբյանը լիազորությունից դուրս չէին, սակայն ինքը չէր գնա նման հանդիպման:


«Ես տեղյակ էի այդ հանդիպման հնարավորության մասին: Դրա կայացումից հետո ես տեղեկացա, որ այն կայացել է: Տեղյակ էի, որ այնտեղ կային շահարկման վտանգներ, բայց նաև մեզ մոտ կա տարբեր տեսակետներ հայտնելու ազատություն, և կարող եմ ասել, որ մենք բոլորի հետ բաց ենք հաղորդակցվելու համար: Ես որևէ հրավեր չեմ ստացել Սարգսյանից կամ որևէ մարդուց, բանավոր հրավերը եղել է ԱԺ նախագահից, ու դա ապացուցում է, որ սա միջկուսակցական, ոչ պաշտոնական հանդիպում էր»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:


Նա նշեց, որ «Ժառանգությունում» դիրքորոշումը մնում է նույնը՝ Սերժ Սարգսյանը չունի քաղաքական և քաղաքացիական լեգիտիմություն՝ հայ ժողովրդին վստահության մթնոլորտում ներկայացնելու սահմանադրության փոփոխությունները:
 

««Ժառանգությունը» դեմ է այդ փոփոխություններին, և մենք ներկայացրել են մեր դիրքորոշումը»,- ասաց նա։