Ռուս պաշտոնյան առաջարկել է աշխարհի ամենամեծ մայրուղին կառուցել (լուսանկար)
«Ռուսաստանի երկաթուղիներ» ընկերության նախագահ Վլադիմիր Յակունինը հսկայական տրանսսիբիրյան մայրուղի է առաջարկել կառուցել, որը կմիացնի երկրի արևելյան սահմանն ԱՄՆ Ալյասկա նահանգի հետ՝ անցնելով Ասիան և Հյուսիսային Ամերիկան բաժանող Բերինգի ծովի նեղ հատվածով, գրում է CNN-ը՝ հղում անելով The Siberian Times-ին:
Այս նախագիծը ներկայացվել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայում կայացած հանդիպման ժամանակ:
Նախագիծը նախատեսում է խոշոր ավտոճանապարհի կառուցում գոյություն ունեցող Տրանսսիբիրյան երկաթուղու երկայնքով՝ գնացքների նոր ցանցի և նավթի ու գազի խողովակաշարերի հետ միասին:
«Սա միջպետական, միջքաղաքակրթական նախագիծ է»,- ասել է Յակունինը և հավելել, որ այն պետք է հիմնված լինի առաջատար տեխնոլոգիաների վրա:
Ճանապարհն անցնելու է ողջ Ռուսաստանով՝ կապելով Արևմտյան Եվրոպայում և Ասիայում գոյություն ունեցող երկաթուղային համակարգերը:
Այնուամենայնիվ չի նշվել, թե ինչպես է կապվելու մայրցամաքները բաժանող ծովային ճանապարհը, որի ամենակարճ հատվածը 88 կիլոմետր է:
Այնուամենայնիվ, Նոմ քաղաքը, որի մոտով նախատեսվում է, որ ճանապարհը կմտնի Ալյասկա նահանգ, իր հերթին համեմատաբար մեկուսացված է և կապված չէ նահանգի ճանապարհային համակարգի հետ:
Ինչպես նշում է CNN-ը, տեղեկությունների համաձայն՝ Յակունինը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մոտ ընկերն է և անգամ որոշ աղբյուրների համաձայն՝ նախագահի պաշտոնում Պուտինի հավանական փոխարինողը:











