Վինձորի պալատի աշխատակազմը գործադուլով է սպառնում թագուհուն

17:30 • 30.03.15

Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդին պատկանող Վինձորի պալատի սպասարկող անձնակազմը մտադիր է գործադուլ անել՝ բողոքելով աշխատավարձերի պայմանների դեմ, գրում է РИА Новости-ն։

 

Ինչպես հայտնել է սպասարկման ոլորտի աշխատակիցների և հանրային ծառայողների արհմիությունը՝ պալատի աշխատակիցները բողոքում են աշխատավարձերի ոչ բավարար մակարդակից, իսկ գործադուլը, եթե կայանա, կլինի առաջինը պատմության մեջ, երբ բողոքի ակցիա է անցկացնում թագավորական ընտանիքին սպասարկող անձնակազմը։

 

«Այս աշխատակիցները հանդուրժող են գործատուի հանդեպ և պատրաստ են անել ամեն ինչ, որպեսզի պալատի հյուրերը սպասարկվեն թագավորական ձևով։ Սակայն անհանդուրժելի է, որ այդ մարդկանց չափազանց քիչ են վճարում և կարծում են, որ նրանք կարող են անվճար աշխատել»,- ասել է արհմիության ղեկավար Մարկ Սերվոտկան։

 

Նրա խոսքով՝ գործատուն ոչ միայն չի բարձրացնում նրանց աշխատավարձը, այլև պահանջում է, որ նրանք անցկացնեն անվճար էքսկուրսիաներ և հանդես գան որպես թարգմանիչներ հյուրերի համար։
Պալատում աշխատում է 200 մարդ, նրանցից 120-ն արհմիության անդամներ են։ Արհմիությունը գործադուլ անցկացնելու մասին որոշումը կկայացնի ապրիլի 14-ին։