Հայտնաբերվել է կործանված A320 ինքնաթիռի ուղևորներից 78-ի ԴՆԹ-ն

13:39 • 30.03.15

Մասնագետներին հաջողվել է հայտնաբերել ֆրանսիական Ալպերում Germanwings ավիաընկերության կործանված Airbus A320 ինքնաթիռի 150 զոհերից 78-ի ԴՆԹ-ն:

 

Միևնույն ժամանակ նրանք հերքել են գերմանական ԶԼՄ-ների տարածած այն լուրը, ըստ որի հայտնաբերվել են ավիավթարի գլխավոր կասկածյալ` 2-րդ օդաչու Անդրեաս Լյուբիցի մարմնի մասերը:

 

Ինչպես նշում է bbc.com-ը, ներկայում դեպքի վայրում աշխատում են մասնագետները` փորձելով հայտնաբերել ուղևորների դիակներն ու ինքնաթիռի մասերը:

 

Աղբյուրը հավելում է, որ Մարսելի դատախազ Բրիս Ռոբենը «սև արկղերից» ստացված տվյալների արդյունքներով հայտարարել էր, որ օդանավը, ըստ երևույթին, միտումնավոր կործանել է երկրորդ օդաչուն: Օդաչուն, ով միայնակ վերահսկել է Airbus A320-ն օդաչուների խցիկից օդանավի հրամանատարի դուրս գալուց հետո, հրաժարվել է բացել դուռը և սեղմել է կոճակը, որի պատճառով ինքնաթիռը սկսել է կտրուկ վար իջնել և ի վերջո կործանվել է: 

 

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Լուբիցի նախկին ընկերուհին Bild պարբերականի հետ զրույցում պատմել է, որ նա ցանկանում էր «փոխել համակարգը» ու այնպիսի քայլ անել, որը կհիշեին բոլորը: Քսանվեցամյա ուղեկցորդուհու խոսքով՝ Լյուբիցը հաճախ էր գիշերվա կեսին քնած տեղից վեր թռչում` սարսափած բղավելով՝ «Մենք ներքև ենք ընկնում»:

 

«Երբ ես իմացա ինքնաթիռի կործանման մասին, անմիջապես հիշեցի նրա խոսքերը. «Մի անգամ ես այնպիսի բան կանեմ, որը կփոխի համակարգն ու բոլորը կճանաչեն ինձ ու կհիշեն անունս»», -պատմել է երիտասարդ աղջիկը: Նա մանրամասնել է, որ այն ժամանակ ինքը չի հասկացել այդ խոսքերի իմաստը, սակայն այժմ իր համար ամեն ինչ պարզ է:

 

Հետաքննության շրջանակում պարզվել է նաև, որ չարաբաստիկ թռիչքից օրեր առաջ բժիշկները պարզել են, որ Լյուբիցի առողջական վիճակը թույլ չի տալիս, որ նա թռչի: Սակայն նա անտեսել է այդ փաստը: