ՌԴ քննչական կոմիտեն պարզել է Նեմցովի սպանության հնարավոր կազմակերպչի ինքնությունը. լրատվամիջոցներ

16:42 • 30.03.15

Քննությունը պարզել է Ռուսաստանի ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանության գործում ներգրավված նոր անձի ինքնությունը, գրում է ria.ru-ն:

 

«Коммерсантъ»-ի տեղեկություններով՝ հանցագործությունը կատարած անձանց հետ կապված տղամարդը Ռուսլիկ է ներկայացել: Հաղորդվում է, որ նա իբր հանցագործությունն իրականացնողներին տրամադրել է զենք և ավտոմեքենա և խոստացել նրանց հնգական միլիոն ռուբլի: Թերթը ենթադրում է, որ նա կարող է լինել ոչ միայն սպանության կազմակերպիչը, այլև՝ պատվիրատուն:

 

Քննությունը տղամարդու նկատմամբ հետախուզում դեռ չի հայտարարել, քանի որ չունի հանցագործությանը նրա ներգրավվածության մասին բավականաչափ ապացույցներ: Դեռ նրա մասին հայտնել է միայն Զաուր Դադաևը, ով մեղադրվում է քաղաքական գործչի սպանության համար:

 

Հիշեցնենք, որ Բորիս Նեմցովը սպանվել է Մոսկվայի կենտրոնում փետրվարի վերջին: