«Ֆուկուսիմա- 1»-ից ճառագայթված ջուր է արտահոսել օվկիանոս
Վթարային վիճակում գտնվող «Ֆուկուսիմա- 1» ճապոնական ատոմակայանից տեղի է ունեցել ռադիոակտիվ ջրի արտահոսք դեպի օվկիանոս: Ատոմակայանի օպերատորը` Tokyo Electric Power-ը, մանրամասնել է, որ արտահոսքի պատճառը տեխնիկական խոտանն է եղել:
Ինչպես նշում է tass.ru-ն, օվկիանոս արտահոսած թունավոր ջրի ծավալի մասին ոչինչ չի ասվում: Աղբյուրը մանրամասնում է, որ ռադիոակտիվ ջրի արտահոսքը «Ֆուկուսիմա- 1»-ի գլխավոր խնդիրներից է: Ներկայում ատոմակայանի ռեակտորները սառեցնելու հետևանքով թունավոր ջրի ծավալն ամեն օր ավելանում է 350 տոննայով: Հայտնի է, որ այդ ջուրը պահվում է հատուկ կոնտեյներներում. դրա ընդհանուր ծավալը 240.000 տոննա է:
Անցյալ շաբաթ Ճապոնիա է ժամանել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության մասնագետների խումբը, որն ուսումնասիրել է 2011թ. տեղի ունեցած հզոր երկրաշարժի ու դրան հաջորդած ցունամիի հետևանքով վթարված ատոմակայանը:










