Ըստ իրավապաշտպանների՝ հաճախակի համաներումները Հայաստանում անհրաժեշտություն են
Ցավոք, Հայաստանում հաճախակի համաներումները անհրաժեշտություն են. այս մասին «Համաներում հայտարարելու անհրաժեշտությունը Հայաստանում. խնդիրները և միջազգային փորձը» թեմայով քննարկմանը հայտարարեցին քննարկմանը ներկա իրավապաշտպաններն ու փաստաբանները:
Ըստ Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանի՝ հաճախակի համաներումները Հայաստանում փոխզիջում է հասարակության և իշխանության միջև. «Ամեն ինչ այլ կերպ կլիներ, եթե մենք մի պատկերացնեինք, որ ապրում ենք իրավական պետությունում՝ անկախ դատական իշխանությունով, որտեղ լինում են նաև արդարացնող դատավճիռներ, որտեղ պատիժը պատվերով և ընտրովի արդարադատությամբ չի իրականացվում, որտեղ խափանման միջոցը որպես կալանք հատուկ դեպքերում է ընդունվում, շատ ճկուն գործում են վաղաժամկետ ազատման մեխանիզմները»։
Հիշեցնենք, որ Հայաստանում վերջին 10-15 տարիներին եղել է 9 համաներում, վերջինը՝ 2013-ին, այն դեպքում, երբ միջազգային փորձը հուշում է, որ դրանք կատարվում են 20 տարի պարբերականությամբ:
Իրավապաշտպանը, որպես ասածի հիմնավորում, նկատեց, որ եվրոպական պետություններում արդարացման դատավճիռները կազմում են մյուս դատավճիռների 15-20-25 տոկոսը: Այս պայմաններում քրեակատարողական հիմնարկները չեն լինում ծանրաբեռնված, և համաներման կարիք չի լինում:
Իսկ Հայաստանում 8 հոգանոց բետոնապատ խցերում 25 հոգի են բնակվում, արդարացումները կազմում են 1-2 տոկոս, չարաշահվում է կալանքը որպես խափանման միջոցի ընտրությունը:
Ըստ նրա՝ «Հիմնադիր խորհրդարանի անդամների» անդամների դեպքը ասվածի վառ ապացույցն է, երբ 6 հոգու նկատմամբ համատարած կիրառվեց կալանքը:
Ավետիք Իշխանյանը վաղաժամկետ ազատման մասով էլ հիշեցրեց, որ նույն սրահում անցկացվելէ քննարկում և բոլորը համաձայնել են, որ վաղաժամկետ ազատման մեխանիզմները Հայաստանում չեն գործում:
Նրա ամփոփմամբ՝ հենց այս պայմաններն են, որ հիմնավորում են հաճախակի համաներումների անհրաժեշտությունը:
«Իրավունքի գերակայություն» ՀԿ-ի նախագահ Արտակ Զեյնալյանը շարունակելով թեման` նկատեց, որ համաներումը պետք է տեղավորվի պետության` քրեակատարողական քաղաքականության մեջ:
«Ընդհանրապես, համաներումը պետք է իրացվի ժողովրդի կամքով: Դա իշխանության իրացում է ժողովրդի կողմից, որը պետք է ժամանակ առ ժամանակ մեծահոգություն ցուցաբերի հանրության դեմ ոտնձգություն իրականացրած անձանց նկատմամբ՝ ներելով նրանց: Սակայն սա աղավաղված է: Չի գործում, իրականում սա դարձել է արարողակարգ, մեխանիկական արարողակարգ, որի բուն էությունը չի գիտակցվում: Հանցագործություն կատարած անձի նկատմամբ ներումը նույնպես դաստիարակչական մի ակտ է»,-հայտարարեց Արտակ Զեյնալյանը:
Նրա խոսքով՝ իշխանությունները համաներումը կիրառում են բանտերը բեռնաթափելու համար:
Արտակ Զեյնալյանի գնահատմամբ՝ 9-րդ բանտարկյալի առկայությունը բանտախցում ոչ միայն կտտանք է, այլ՝ ապօրինի է: Նա նկատում է, որ հասարակությունն անարդար հասարակություն է, և հանցագործությունների մի մասն էլ իրականցվում է որպես չգիտակցված, կամ` գիտակցված, բողոքի ակտ այդ հասարակության դեմ:
Փաստաբան Լուսինե Սահակյանն էլ նկատեց, որ գլխավոր խնդիրը մեկուսարանների գերծանրաբեռնվածությունն է, սակայն նա որևէ իրական քայլ չի տեսնում, որ այն չլինի:
«Ինչպե՞ս է համաներման տեքստը պատրաստվում. մենք գիտենք, որ նախօրոք բոլոր ՔԿՀ-ներից հավաքվում են ցուցակները, թե քանի հոգի է նստած և ինչ հոդվածներով: Նրանք գիտեն, որ այդ գերծանրաբեռնվածության պատճառով պետք է որոշակի քանակությամբ անձանց բաց թողնեն, նայում են ըստ հոդվածների, թե ո՞ր հոդվածները կիրառելու կամ չկիրառելու պայմաններում ինչքան մարդ ազատ կարձակվի: Եվ տեքստը կազմվում է այդ պայմաններում»,-ասաց փաստաբանը:
Նա անընդունելի է համարում ըստ իրավիճակի հարմարվելը։ Ըստ նրա՝ պետությունը պետք է քաղաքականություն ունենա, թե «որ հոդվածը կարելի է ներել, որ հոդվածը՝ոչ»:
Լուսինե Սահակյանն անհասկանալի է համարում, թե ինչու քաղաքական հետապնդումների ենթարկվող անձինք նման համաներումների արդյունքում, որպես կանոն, ազատ չեն արձակվում:
Նախորդ համաներման տեքստի ուսումնասիրությունը փաստաբանին ցույց է տվել, որ համաներումը տարածվել է սպանություններ կատարած անձանց վրա, բայց 6 ամսով կալանքը կրճատելու հաշվին: Այսինքն՝ անզեն աչքով իսկ երևում է, որ նպատակը ՔԿՀ-ների բեռնաթափումն է:










