Եվրամիությունը համաձայնեցրել է անօրինական ներգաղթի դեմ պայքարի միջոցները
Եվրամիությունը գործողությունների ծրագիր է ընդունել Աֆրիկայից Միջերկրական ծովով չվերահսկվող ներգաղթի խնդիրները լուծելու համար, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:
10 կետանոց նախագիծն առաջարկել է Եվրահանձնաժողովը: Այն հավանության են արժանացրել Եվրամիության երկրների ներքին և արտաքին գործերի նախարարները: Մասնավորապես, կավելացվի Միջերկրական ծովում գործող հականերգաղթային պահակախմբերի ֆինանսավորումը:
Բացի այդ, Եվրամիությունն ակտիվացնում է ծովով մարդկանց անօրինական տեղափոխման դեմ պայքարը: Այդ միջոցների արդյունավետությունն ավելացնելու համար նախատեսվում է ընդլայնել դրանց համար պատասխանատու ԵՄ մարմինների համագործակցությունը:
ԵՄ երկրները նաև պայմանավորվել են Իտալիայում և Հունաստանում հատուկ կենտրոններ ստեղծել ապաստան տրամադրելու մասին հայտարարությունների համար, ինչը թույլ կտա դրանք ավելի արագ քննել: Ներգաղթյալների ընդունման քվոտաները կարող են ավելանալ, իսկ անօրինական ներգաղթյալների վերադարձի գործընթացը՝ արագանալ:
Միջերկրական ծովում միգրացիոն իրավիճակի կայունացման ծրագիրն ընդունվել է ապրիլի 19-ի գիշերը տեղի ունեցած աղետից հետո, երբ խորտակվել է մոտ 900 ներգաղթյալ տեղափոխող նավը:










