Հայաստանի քաղաքացուն տուգանել են Կրեմլում ահաբեկչության մասին կեղծ հաղորդագրության համար
Սոչիի դատարանը 20.000 ռուբլի տուգանք է նշանակել Հայաստանի քաղաքացի Աշոտ Առաքելյանին, ով, գտնվելով Ռուսաստանում, կեղծ հայտարարություն էր արել Կրեմլում պատրաստվող ահաբեկչության մասին, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Կրասնոդարի երկրամասի դատախազությանը։
Միջադեպը, որի համար 37-ամյա Առաքելյանը մի քանի ամսով կալանքի տակ էր առնվել, տեղի է ունեցել հունվարի 15-ին։
«Դատարանում պարզվել է, որ Առաքելյանը, անօրինական գտնվելով Ռուսաստանի տարածքում, ցանկանալով իր վրա ուշադրություն հրավիրել, զանգահարել է հերթապահ մաս և հայտնել Կրեմլում պատրաստվող պայթյունի մասին կեղծ տեղեկություն»,- ասվում է հաղորդագրությունում։
Դատական նիստի ընթացքում Առաքելյանն ափսոսանք է հայտնել կատարվածի առնչությամբ։










