Հայերն ու թուրքերը պատրաստվում են ուրբաթ օրը միմյանց հակընդդեմ միջոցառումների. NPR-ի անդրադարձը

10:30 • 23.04.15

Հայերն ուրբաթ օրը պատրաստվում են նշել Օսմանյան կայսրությունում իրենց 1,5 միլիոն նախնիների կոտորածի 100-ամյա տարելիցը, իսկ թուրքերն այդ օրը նշելու են Գալիպոլիի ճակատամարտում տարած հաղթանակի հարյուրամյակը, գրում է NPR ամերիկյան ռադիոկայանը՝ հիշեցնելով, որ Գալիպոլիի միջոցառումները սովորաբար նշվել են ապրիլի 25-ին, բայց Թուրքիան որոշել է մեկ օր առաջ տեղափոխել այն՝ փորձելով ստվերել հայերի հիշատակի օրը:

 

Այս ողջ պատմական սիմվոլիզմը կապված է 20-րդ դարի սարսափելի շրջանի հետ, որը դեռ այսօր շարունակում է վիճաբանությունների տեղիք տալ:

 

Ռադիոկայանը նշում է, որ Թուրքիան ճնշել է հայերի սպանությունների մասին տեղեկությունները թուրքական անկախ պետության հիմնադրման հետ կապված ազգային հպարտության ալիքի ներքո: Թուրք պաշտոնյաները ժխտել են և արհամարհել պատմաբանների շրջանում հաստատվող համաձայնությունը, որ դեպքերին պետք է տալ «ցեղասպանություն» բնորոշումը:

 

Ռադիոկայանը պատմում է, որ Ստամբուլի ռազմական թանգարանում մեծ ցուցադրություն կա՝ Գալիպոլիում Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի հաղթանակի վերաբերյալ: Թանգարանում կա նաև մի սենյակ, որն այնքան էլ հեշտ չէ գտնել, այն նվիրված է «թուրք-հայկական հարաբերություններին»: Մուտքի մոտ դրված հուշատախտակի վրա գրված է ցուցադրության տեսակետը. «Ցեղասպանության վերաբերյալ այս անհիմն պնդումների նպատակը տարածաշրջանում Թուրքիայի ուժը նվազեցնելն է»:

 

Սենյակի պատերին կան պատմական լուսանկարներ, որոնցից ոչ մեկում չկան սպանված հայեր, միայն թուրքերի մարմիններ, որոնք նշվում է, թե խոշտանգվել են և սպանվել «հայ խմբավորումների» կողմից:

 

Քաղաքագետ Չենգիզ Աքթարի խոսքով՝ խնդիրն այն է, որ մինչ իշխանություններն ավելի լավ մթնոլորտ են ստեղծում քաղաքացիական մակարդակով բաց քննարկումների համար, պաշտոնական մակարդակում ամեն ինչ հակառակն է: Թուրքիան չի կարող համաձայնեցնել անցյալի վայրագությունների ճանաչման անհրաժեշտությունը ժամանակակից Թուրքիայի ստեղծման միֆի հետ:

 

«Բայց կարևորն այն է, որ Թուրքիան առողջ և իրական ժողովրդավար երկիր դառնալու համար պետք է անպայման բուժի իրեն այս մեծ մեղքից»,- ասել է նա: