Ֆրանցիսկոս պապը խնդրել է ինձ գալ այստեղ և իր աղոթքները, հոգևոր մտերմությունը հայտնել հայերին. կարդինալ

13:32 • 23.04.15

Հարյուրամյակ է անցել այն սարսափելի ջարդերից հետո, որի ժամանակ բազմաթիվ մարդիկ զոհվեցին, Քրիստոսի անունի համար ընդունեցին մարտիրոսություն, նահատակություն: Չկա որևէ հայ ընտանիք, որ չի կորցրել իր հարազատներին այս ողբերգության հետևանքով: Այսօր Երևանում ընթացող «Ընդդեմ Ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի ժամանակ ասաց Քրիստոնեական միավորության խթանման պապական խորհրդի նախագահ կարդինալ Կուրտ Կոխը՝ նշելով, որ Ֆրանցիսկոս պապը խնդրել է իրեն գտնվել այստեղ, իր աղոթքները, հոգևոր մտերմությունը հայտնել հայերին:


«Այսօր ես ինձ շատ մոտ եմ ձեզ զգում: Ձեր քրիստոնեական ինքնությունը հինավուրց է, գնում է 301 թվականը: Հայոց պատմությունը, մշակույթը, հավաքն ունեն մարտիրոսություն իր կենտրոնում: 5-րդ դարից սկսած հայ եկեղեցականներն ընդունել են մարտիրոսությունը հանուն Քրիստոսի, անցել են տառապանքների, մարտիրոսության ճանապարհով՝ հույսը հառած այն հավատքին, որ բխում է խաչից: Ձեր տառապանքի, մարտիրոսության հարյուրամյակները պատիվ ու հպարտություն են հաղորդում տիեզերական եկեղեցուն, վկայում են ձեր քաջության մասին, որը դրսևորել եք»,-հայտարարեց կարդինալը:
 

Նրա խոսքով՝ հայերը վճռականությամբ անցել են դժվարին ճանապարհ՝ պահպանելով ինքնությունը որպես ժողովուրդ, հավատացյալ:
 

«Հավատքն օգնել է ձեր ժողովրդին վերապրել այն, ինչ կատարվել է 100 տարի առաջ, որը կոչում ենք 20-րդ դարի առաջին Ցեղասպանություն. այն, ինչ տեղի ունեցավ ոչ միայն ձեր, այլ պատմության, մարդկության ընտանիքի հետ»,-ասաց նա։
 

Կարդինալի խոսքով, այս օրերին դարձյալ տեղի են ունենում բռնության, ատելության դեպքեր, որոնք ունեն իրենց արմատները:
 

«Մենք պարտավոր ենք ընդդիմանալ նմանատիպ հանցագործություններին` առանց որևէ զիջողության և անորոշության»,-հայտարարեց կարդինալը: