Էթնիկ հայերի զանգվածային սպանությունների հետևանքները դեռ արձագանք են տալիս. The Wall Street Journal
Սարգիս Թեքեն Կեսարիայի այլևս գոյություն չունեցող համայնքի վերջին մարդն է, ով առանց ընտանիքի ապրում է թուրքական քաղաքում, որի առևտրային և մշակութային կյանքը մեկ դար առաջ հիմնականում հայերին էր պատկանում և որը 40 եկեղեցի ուներ, գրում է The Wall Street Journal-ը «Էթնիկ հայերի զանգվածային սպանությունների հետևանքները դեռևս ողջ են» վերնագրված ծավալուն հոդվածում:
1915 թվականին 1,5 միլիոն հայերի սպանությունից և արտաքսումից հետո Թեքեի հարազատները, ինչպես բարեկեցիկ կյանքով ապրող այլ ընտանիքներ, մեկնել են Ստամբուլ, այնուհետ՝ Լիբանան, Կանադա և ԱՄՆ: «Ողջ կյանքս պայքարել եմ, որ այստեղ մնամ, և ես ծանր գին եմ վճարել: Կմնամ այստեղ մինչև մահս»,- ասում է Թեքեն:
Մոտ 400 կիլոմետր հեռու՝ Դիարբեքիրում, որտեղ նույնպես ժամանակին ծաղկել է հայկական համայնքը, Երվանդ Բոստանչին հայկական արմատներ ունեցող միակ հայն է, որ ընդունել է արտասահմանում ապրող հայերին ուղղված քաղաքային պաշտոնյաների՝ վերադառնալու հրավերը:
Բոստանչին այժմ հիմնականում քրդերով բնակեցված քաղաք է եկել երկու տարի առաջ: Նա պետության կողմից ֆինանսավորվող երգչախմբի միակ հայ անդամն է, գրում է թերթը՝ այնուհետև ներկայացնելով հայկական համայնքների այս երկու ներկայացուցիչների պատմությունը, իրենց ընտանիքի փրկվելու և իրենց համայնքի վերացման մասին:
1915 թվականի սարսափելի դեպքերն ու տրավման շարունակում են ողջ մնալ ոչ միայն Թեքեի և Բոստանչիի կյանքում, այլև ողջ աշխարհում սփռված հայերի: Ցավի կենտրոնում դառը վիճաբանությունն է, թե ինչպես անվանել արյունահեղությունը, գրում է թերթը՝ խոսելով Թուրքիայի մերժողականության և Ցեղասպանությունը ճանաչած երկրների, Եվրախորհրդարանի և Հռոմի պապի հայտարարություններին հետևած Թուրքիայի արձագանքի մասին:
Կայսրության վերջին օրերին տեղի ունեցած սպանդի հետևանքներն ավելին են, քան պարզապես պատմական: Արտաքսված հայերից թուրքերի և քրդերի հափշտակած սեփականության ճակատագիրը դեռ վիճարկվում է: Բացի այդ, Անկարան դիվանագիտական հարաբերություններ չունի ժամանակակից Հայաստանի հետ:
Ինքնության հարցը նույնպես ծանր է դրված: Շատ էթնիկ հայեր, 1915-ին ցանկանալով փախչել հետապնդումներից, մահմեդականություն են ընդունել և սկսել ապրել որպես թուրք: Հարյուրավոր այսպես կոչված՝ թաքնված հայեր, մնալով մահմեդական, հրապարակայնորեն ճանաչել են իրենց ընտանիքը և քրիստոնեական արմատները 2011 թվականին Դիարբեքիրի հայկական եկեղեցու վերաբացումից հետո: Մինչդեռ տասնյակ հազարավոր էթնիկ հայեր ողջ Թուրքիայում շարունակում են ստվերում մնալ՝ ստիպված լինելով կամ ամաչելով խոստովանել իրենց անցյալը՝ խտրականության վախի պատճառով:










