Օսմանյան կայսրությունը նոր անուն է ստացել, բայց գործողությունները նույնն են մնացել. լիբանանցի պատգամավոր

12:39 • 23.04.15

Լիբանանի խորհրդարանի անդամ Ղասան Մուխայբերը, ելույթ ունենալով Երևանում ընթացող «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումին, հայտարարեց, որ իր և իր գործընկերների համար մեծ պատիվ է լինել այստեղ և ելույթ ունենալ:

 

«Ես հայ բարեկամներ չունեմ, բայց հպարտանում եմ ձեզնով,-ասաց խորհրդարանականը,-1915 թվականին Լիբանանն ընդունել է փախստականների մի մեծ բազմություն, որ հանգրվան են գտել Լիբանանում: Նրանք շատ ակտիվ են, մենք բոլորս հպարտանում ենք նրանցով: Նրանք ոչ միայն Ցեղասպանություն են վերապրել, այլև ցույց են տալիս, որ վերապրածները կարող են լինել կրեատիվ մտքի տեր»:


Ղասան Մուխայբերն ասաց, որ Լիբանանի խորհրդարանի կեսը քրիստոնյաներ են, կեսը մուսուլմաններ, և Լիբանանի խորհրդարանը միաձայն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:

 

«Շատ կարևոր է, որ միաձայն է ընդունվում որևէ որոշում: Ես հպարտանում եմ իմ երկրով: Վաղը Լիբանանի դպրոցներում աշակերտները դպրոց չեն գնալու և Բեյրութում քայլարշավ է լինելու»,-տեղեկացրեց խորհրդարանականը:


Նրա խոսքով՝ մարդու իրավունքների կոպիտ ոտնձգություններ են կատարվում այսօր էլ:


«Սիրիայում, Լիբանանում մշակույթներ են ոչնչացվում, մեր պարտականությունն է ոչ միայն բարձրաձայնել, այլև պահանջել, որ այլևս չկրկնվեն ոճրագործություններ և Օսմանյան կայսրության սխալները: Օսմանյան կայսրությունը նոր անուն է ստացել, բայց գործողությունները նույնն են մնացել: Մենք պետք է երաշխավորենք, գործենք, որ 20-րդ դարի առաջին Ցեղասպանությունը չշարունակվի»,-ասաց Ղասան Մուխայբերը: