Հայերի ցեղասպանությունը վաղեմության ժամկետ չունեցող ու անհերքելի հանցագործություն է. ՌԴ Պետդումայի փոխնախագահ
Հայերի ցեղասպանությունը վաղեմության ժամկետ չունեցող ու անհերքելի հանցագործություն է և անհնար է այն ջնջել մարդկային հիշողությունից: Այս մասին այսօր «Ընդդեմ Ցեղասպանության հանցագործության» միջազգային ֆորումի ժամանակ ասաց ՌԴ Պետդումայի փոխնախագահ Նիկոլայ Լևիչևը:
«Այսօր մենք հայ ժողովրդի կողքին ենք և կիսում ենք ցավը, որովհետև մեր ժողովուրդներն ունեն ընդհանուր պատմություն և մեր բարեկամությունը դարավոր է: Ցեղասպանությունը քաղաքակրթության դեմ ուղղված հանցագործություն է և ցույց է տալից, թե ինչի կարող է հասնել մարդկային դաժանությունը»,- ասաց նա և նշեց, որ անհնար է կորուստները գնահատել զուտ թվերով:
Նա հիշեցրեց, որ Ռուսաստանի դուման դեռ 95 թվականին միաձայն ընդունեց Ցեղասպանությունը դատապարտելու վերաբերյալ հայտարարություն և ապրիլի 24-ին նախատեսում է հատուկ հայտարարություն՝ 100-րդ տարելիցի կապակցությամբ:
Նա անդրադարձավ Ուկրաինայի քաղաքացիական պատերազմին, և նշեց, որ այն հիշեցնում է Երկրորդ աշխարհամարտի ժամանակ տեղի ունեցած իրադարձությունները:
«Հանցագործների հերոսացումը համատարած բնույթ է կրում: Հարկ է զարկ տալ մեր համախմբման ջանքերին: Եվրասիական միությունը նոր ձգողական ուժ ենք համարում, որն ունակ է հավասար մրցակցության մեջ ներգրավել այլ ձգողական կենտրոններին համատեղ, ուրախ ենք, որ Հայաստանը մասնակցում է այս կենտրոնի կայացմանը»,- ասաց նա և նկատեց, որ հաճախ Հայաստանի և Ռուսաստանի խորհրդարանների դիրքորոշումները համընկնում են կամ շատ մոտ են:










