Կիլիկիո կաթողիկոսարանը դիմել է Թուրքիայի ՍԴ՝ Սիսի կաթողիկոսարանը վերադարձնելու պահանջով

15:00 • 28.04.15

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունն այսօր դիմել է Թուրքիայի սահմանադրական դատարան՝ պահանջելով վերադարձնել Սիսի պատմական կաթողիկոսարանը։

 

«Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ ու մեր ազգային պահանջատիրությանն ավելի գործնական արտահայտություն տալու հեռանկարով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսն իր պատգամներում հաճախ էր շեշտում հատուցման հեռանկարը։ Հենց այդ պատճառով էլ Սիսի կաթողիկոսարանի ու ազգապատկան և եկեղեցապատկան կալվածքների վերադարձը կարևոր քայլ կարող է դառնալ ժողովրդի ունեցվածքի վերադարձի ու ոտնահարված իրավունքների վերականգնման հարցում»,- ասված է կաթողիկոսարանի տարածած հաղորդագրության մեջ։

 

Նշվում է նաև, որ անցած երկու տարիների ընթացքում այդ դատավարության պատրաստման գործին լծվել է Վեհափառի գլխավորությամբ կազմված թուրքական ու միջազգային դատավարական օրենքների մասնագետներից բաղկացած հանձնախումբը։

 

Հաղորդվում է, որ վաղը Վաշինգտոնում և առաջիկայում Ժնևում մամուլի ասուլիսներ են կազմակերպվելու՝ միջազգային հանրությանը պահանջները ներկայացնելու համար։

 

Քաղաքական պայմանների հետևանքով 1295 թվականից Կաթողիկոսարանը հաստատվել է Կիլիկիո թագավորության մայրաքաղաք Սիսում։ 1921 թվականին օսմանյան կառավարությունը 2 օր ժամանակ է տվել Սահակ Բ. Խապայան կաթողիկոսին՝ վերջնականապես կաթողիկոսարանից հեռանալու համար։ Սահակ կաթողիկոսն ու փոքրաթիվ միաբաններ, իրենց հետ վերցնելով ինչ հնարավոր էր՝ կրոնական մշակութային գանձեր (ձեռագիր, հնատիպ, ծիսական սպասք), բռնել են գաղթի ճամփան և, ի վերջո, հաստատվել Անթիլիասում։