Թուրքիան Վատիկանին խաղաղության ձեռք է պարզում. թուրքական պարբերական

16:59 • 28.04.15

Թուրքիայի էկոնոմիկայի փոխնախարար Ադնան Յըլդըրըմը Հայոց ցեղասպանության մասին հայտարարությամբ Վատիկանի ու Թուրքիայի միջև դիվանագիտական սկանդալի պատճառ դարձած Հռոմի պապին և Վատիկանի պատվիրակությանը հրավիրել է Միլանում անցկացվելիք «Expo 2015» ցուցահանդեսի թուրքական տաղավար:

 

Ինչպես տեղեկացնում է թուրքական «Ջումհուրիյեթ» պարբերականը, իտալական մամուլը դա բնութագրել է որպես «Թուրքիայի պարզած խաղաղության ձեռք»:

 

Վատիկանը դրական է արձագանքել հրավերին:

 

«Ցուցահանդեսին Թուրքիայի տաղավարում Պապին ընդունելը մեծ պատիվ կլիներ: Եթե նա անձամբ չգա՝ Վատիկանի պատվիրակությանը կարող ենք հյուրընկալել: Այդպիսով՝ թուրքական  քաղաքակրթության արժեքներին կծանոթանան»,- ասել է նա:

 

Փոխնախարարը նշել է, որ Վատիկանը Թուրքիայից նման քայլ չէր սպասում, իսկ Թուրքիան «պատրաստ է բացել բոլոր արխիվներն աշխարհի պատմաբանների համար»: