Էներգետիկայի նախարարությունը մամուլից է տեղյակ, որ ՀԷՑ-ում գողություն է կատարվում, բայց դատախազություն չի կարող դիմել. Ե. Զախարյան

17:58 • 20.05.15


 


ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը ՀՀ էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանին հարցրեց, թե երբ նա հայտարարում էր, որ էներգետիկ բաշխիչ ցանցերում գողություն է կատարվել, ինչո՞ւ նյութերը չեն ուղարկվում դատախազություն: 


Նա մեջբերեց մամուլի տեղեկությունները, թե ՀԷՑ-ը շուրջ 200 մլն գումար է տրամադրել իր իսկ անունով և իրավաբանական հասցեով գրանցված շինարարական կազմակերպությանը՝ տրանսպորտային ծառայություն մատուցելու համար:


Նա նշեց, թե վաղուց հայտնի է, որ համակարգին առնչվող այլ պաշտոնյաներ իրենց անձնական կոմֆորտն ապահովելու համար տասնյակ միլիոնավոր դրամներ են ծախսում, և այդ ամենը՝ սակագնի հաշվին:


«Հայտնի է նաև, որ բազմաթիվ մասնաճյուղեր կան, որոնք քանիցս նկատողության են արժանում սահմանված չափով կորուստները մի քանի անգամ գերազանցելու համար, բայց աշխատանքից չեն ազատվում: Նաև հայտնի է ձեր հայտարարությունը, որն ըստ էության բաց հաղորդագրություն էր հանցագործության մասին, որ համակարգում տեղի են ունենում գողություններ: Հարցս հետևյալն է՝ պատրաստվո՞ւմ եք հայց ներկայացնել բազմաթիվ այլ և նաև ձեր նշած հենքի վրա դատախազություն քրեական գործ հարուցելու համար»,-ասաց նա:


Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը պատասխանեց, թե այսօր իսկապես բավական դժգոհություններ և բողոքներ կան էլցանցում տիրող իրավիճակի հետ կապված: Նաև մամուլում տեղեկություն կա, որ այնտեղ կան ֆինանսական մեծ խախտումներ՝ կախված տարածքի և  գույքի ձեռքբերման հետ։


Սակայն նախարարը նշեց, թե Էներգետիկայի նախարարությունն այդ տեղեկատվությանը չի տիրապետում և օրենքով որևէ լիազորություն չունի կատարվածը հավաքագրելու համար:


«Ինչ մնում է ցանցերի ընդհանուր խախտումներին, որ կան դժգոհություններ և կոռուպցիոն ռիսկեր, ապա ուզում եմ հայտարարել, որ նման մեծ կորուստների պայմաններում իրոք հնարավոր է և՛ դժգոհություն, և՛ կոռուպցիոն ռիսկեր: Դրա համար է, որ նախարարությունը շուրջ  հինգ ամիս համապատասխան հանձնաժողովի միջոցով ուսումնասիրություն է  կատարում ամբողջ էներգետիկայի ոլորտում։ Հաշվի առնելով մեծ կորուստները՝ պարզել ենք բոլոր  պատճառները, որոնք բերել են նման մեծ կորուստների»,-ասաց նա:


Նախարարը նշեց, թե պատրաստվել է միջոցառումների ցանկ, ներկայացվել է ՀԷՑ, հանձնարարական տրվել, որպեսզի մոտակա տարիներին իրականացվեն այն բոլոր միջոցառումները, որոնք նախատեսվել են:


«Մեր հաշվարկներով՝ մոտակա երկու տարիների ընթացքում կորուստները 1-2%-ով կիջնեն, որը կբերի զգալի ֆինանսների կայունության, նաև կկրճատվեն կոռուպցիոն ռիսկերը»,-ասաց նա և նշեց, թե պետք է հետևողական լինել, որ ամբողջությամբ այդ քայլերն իրականացվեն:


Ուրիխանյանն արձագանքեց, թե հենց այդ հետևողականության համար է ասում՝ ինչո՞ւ չուղարկել այդ նյութերը դատախազություն։ Ըստ նրա՝ այդ գերատեսչությունն ավելի արդյունավետ գործունեություն կկատարի, և ինքը պատրաստ է աջակցել այդ գործում, տրամադրել նյութեր, անուններ:


Նախարարը կրկնեց, թե տվյալ փաստերին նախարարությունը չի տիրապետում: «Եթե կա նման տեղեկություն և ունեք այդ փաստերը ու մարդկանց անունները, գիտեք, մենք պատրաստ ենք ընթացք տալու»,-եզրափակեց նա: