Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավորը Սևան Նիշանյանի գործով հարցապնդում է ներկայացրել
Թուրքիայի Ենիփազարի փակ բանտում պահվող, 11 տարվա ազատազրկման դատապարտված հայ գրող, լրագրող Սևան Նիշանյանի վիճակի վերաբերյալ խորհրդարանում հարցապնդում է ներկայացրել նորընտիր հայ պատգամավոր Սելինա Դողանը։
Ինչպես տեղեկացնում է «Ակօս»-ը, հարցապնդումն ուղղվել է երկրի արդարադատության նախարարությանը։
Նախարարությանը հասցեագրված փաստաթղթում Դողանն ընդգծել է, որ այն հոդվածով, որով ազատազրկվել է Նիշանյանը, տարեկան մոտ 3000 դատավարություն է տեղի ունենում։
«Դրանց համար 2 տարուց էլ պակաս ազատազրկում է սահմանվում, և ազատազրկվելուց կարճ ժամանակ անց՝ կալանավորներն ազատ են արձակվում»,-գրել է Դողանը։
Հայ պատգամավորը արդարադատության նախարար Քենան Իփեքին հետևյալ հարցերն է ուղղել.
1. Վերջին 10 տարում քանի՞ հոգու դեմ է գործ հարուցվել այդ հոդվածով և քանի՞սն են պատժվել։
2. Քանիսի՞ կալանքն է փոխարինվել դրամական փոխհատուցմամբ։
3. Քանի՞ մարդ է բանտարկվել այդ հոդվածով և քանի՞սն են պայմանական ազատության մեջ։
4. Այդ հոդվածով Սևան Նիշանյանից բացի բանտում գտնվող մարդիկ կա՞ն։
Հիշեցնենք, որ հայ լրագրող, հրապարակախոս Սևան Նիշանյանը Թուրքիայում ազատազրկման էր դատապարտվել սեփական հողամասում ապօրինի շինություն կառուցելու համար։










