Սննդի անվտանգությունը պատշաճ չի վերահսկվում, այս տարի թունավորումների աճ է գրանցվել
Վերջին օրերին գրանցված խմբակային թունավորման դեպքերը հուշում են, որ սննդի անվտանգությունը պատշաճ չի վերահսկվում. նման համոզման է «Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանը:
Ըստ նրա, զանգվածային թունավորման մի քանի դեպքերի պատճառները բազմաթիվ են, մասնավորապես՝ հանրապետությունում նորմայից մի փոքր բարձր գրանցված ջերմաստիճան և այլն, վերահսկող կառույցները նույնպես պատասխանատու են:
«Սննդամթերքի անվտանգությունն ամբողջական համակարգ է, որտեղ պետք է գործեն բոլոր օղակները և, ըստ էության, միայն արձանագրված դեպքի հետևից գնալով խնդիրը չի լուծվում, կանխարգելիչ միջոցառումներ է պետք իրականացնել, որպեսզի թունավորումը չարձանագրվի»,- ասաց նա:
Պիպոյանը նկատեց, թե թունավորման դեպքերում ականատես ենք լինում, թե ինչ արագ են արձագանքում, բայց դա չի ենթադրում, թե շատ լավ են աշխատում։ «Ըստ էության, վերլուծություն չի արվում նրա համար, որ բախվել ենք այդ խնդրին: Բացի այդ, իրենք կաշկանդված չեն, քանի որ պատասխանատվություն այդպես էլ չկա»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղում գործող ամառային ճամբարից թունավորման ախտանիշով Մարտունու բժշկական կենտրոն են տեղափոխվել 20-ից ավելի երեխաներ: Օգոստոսի 1-ին «Հատիսի լանջին» ռեստորանային համալիրում 29 մարդ էր թունավորվել: Ըստ հաշվարկի՝ ընթացիկ տարում գրանցվել է աղիքային վարակների ու թունավորումների բազմաթիվ դեպքեր, որի հետևանքով հոսպիտալացվել են 170-ից ավելի մարդ։
Ըստ մասնագետի՝ կան նաև ընթացակարգային որոշակի խնդիրներ, և որը ոչ միայն անվտանգության ծառայությանն է վերաբերում: «Օրինակ՝ ճամբար բացելու համար ժամանակին պետք է աշխատանք կատարեին, ինչպես լիցենզիա տալ և այլն, և այլն: Այսօր ով ինչպես ուզում է կարող է ճամբար բացել»,- ասաց նա:
Նա ճամբարում գրանցված օրինակը բերեց, երբ հայտարարվել էր, որ պատճառ կարող է հանդիսանալ խտացրած կաթը: «Պետք է պարզել՝ փչացել էր ճամբարում, թե այլ վայրերում կա ևս: Անգամ տեղեկատվական հոսքերը սիրողական և ոչ պրոֆեսիոնալ է իրականացվում, որ ճշգրիտ վերլուծություն չի իրականցվում»,- ասաց նա:
«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահը հարց է տալիս՝ ենթադրենք խտացված կաթը փորձաքննության ենթարկեցին, բա հետո՞. «Ո՞ւր է հետագիծը մեր, այդ կաթը որտե՞ղ էր փչացել, որտեղի՞ց էր ներկրվել, ի՞նչ ստուգում է անցել և այլն, և այլն: Հնարավոր է դա իրականացնել, երբ կա պատշաճ տեղեկատվության փոխանակում»:
Բաբկեն Պիպոյանը նշեց, որ միայն ստուգումը բավարար չէ, այն էլ թունավորումից հետո: «Դա ստուգում անվանել չի կարելի: Պետք է ուղղակի ասեն՝ դուք վաղվանից չեք աշխատում և վերջ: Պետք չէ հնարավորություն տալ հերթական մարդուն թունավորելու»,- ասաց նա:
Ըստ մասնագետի՝ հանրային օբյեկտների համար կանխարգելիչ միջոցառում է, երբ մարդը հասկանում է, որ պատիժ է կրել ինքը: «Այսքան թունավորում ունեցանք, մանկապարտեզներ և այլն, բայց ո՞վ պատժվեց դրանց համար»,- նշեց նա՝ հավելելով, որ ոլորտը իրավական բացեր ունի:
Հարցին, թե արդյոք իրազեկվածության խնդիր չկա, Բաբկեն Պիպոյանը պատասխանեց, որ որոշակի չափով կա, բայց դա չի նշանակում, որ խնդիրը միայն դա է:
«Ի՞նչ է նշանակում հանրային սննդի օբյեկտում թունավորվել են, ո՞ւմ է պետք իրազեկվածությունը, այսինքն՝ եթե մարդը գնար արևի տակ դրված պանիր գներ ու թունավորվեր, այստեղ, իհարկե, կան, բայց եթե պատրաստի սնունդ են տալիս, այստեղ չկա»,- ասաց նա:
Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության սննդամթերքի արտադրության վերահսկողության բաժնի պետ Վահե Դանիելյանը Tert.am-ի հետ զրույցում համաձայնեց, որ այս տարի համեմատած նախորդ տարվա հետ սննդի թունավորումների աճ է գրանցվել՝ մարդկանց թվով պայմանավորած:
«Դրա համար ծառայությունը ներգրավված է մշտադիտարկումների մեջ, որպեսզի հնարավորինս կանխենք, թեև թունավորումները պայմանավորված են տարվա շոգ եղանակի և տարրական հիգիենայի կանոններին չհետևելով: Բազմակողմանի խնդիրներ են, որոնք փորձում ենք հնարավորինս լուծել, նաև հիգիենայի մասին իրազեկման խնդիրը բարձրացնելով, որովհետև անկախ նրանից կարող են լինել իդեալական խոհանոցային պայմաններ, բայց չհետևեն տարրական կանոններին՝ կանգնեն խնդրի առաջ»,- ասաց նա:
Վահե Դանիելյանն ուղղեց՝ արձանագրված թունավորումները զանգվածային բնույթ չեն կրում: «Դրանք տեղային բնույթ են կրում»,- ասաց նա:
Նա կոնկրետ դեպքերին անդրադարձավ, և նշեց, թե ճամբարում արձանագրված թունավորումները չի կարելի ասել, որ եղել են խտացված կաթից:
«Եթե երեխաներն օգտագործել են այդ մթերքները, դա չի նշանակում, որ թունավորվել են դրանից, դեռ վաղ է դրա մասին խոսելը, քանի որ չունենք լաբորատոր փորձաքննության արդյունք: Երեխանների թունավորումը կարող է անգամ պայմանավորված լինել արևահարման հետ, դրա մասին խոսելը լաբորատոր փորձաքննությունից հետո միայն»,- ասաց նա:
Ոլորտի պատասխանատուն մի քանի խորհուրդներ էլ է տալիս՝ արևի ուղիղ ճառագայթների տակ չմնալ, ուշադիր լինել ինչ սնունդ են գնում, նրա արտաքին տեսքով պայմանավորած, հետևել պիտանելիության ժամկետին, պատրաստելուց հետո հետևել պատշաճ պահպանման կանոններին, ձեռքերը լվանալ՝ անցանկալի երևույթներից խուսափելու համար:










