Հանրաքվեն շատ նորմալ անցավ, ժողովուրդն արտահայտվեց ոնց կարար, ոնց հասկացել էր. Սեյրան Սարոյան
Շնորհավորում եմ մեր ամբողջ ազգին, երեկ մեզ համար պատմական օր էր: Այս մասին պատասխանելով Tert.am-ի հարցին, թե ինչպե՞ս է գնահատում երեկվա հանրաքվեի արդյունքներն՝ ասաց ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Սեյրան Սարոյանը:
«Հանրաքվեն շատ նորմալ անցավ, ոչ մի միջադեպ չեղավ, ժողովուրդն արտահայտվեց ոնց կարար, ոնց հասկացել էր: Արդյունքներից գոհ եմ: Ես ասել եմ, որ եկեք ոչ մեկին չլսենք, ժողովուրդը ոնց որոշի այդպես էլ կլինի»,- նշեց Սեյրան Սարոյանը:
Դիտարկմանը, թե ընդդիմությունը պնդում է, որ հանրաքվեի արդյունքները կեղծվել են, ՀՀԿ-ական պատգամավորը հակադարձեց՝ նշելով. «Դե հիմա… Ինչ ասես՝ կասեն: Ասելը քիչ ա, կրված մարդ ինչ ասես չի ասում: Հիմա որ կրվել են՝ մեկի վրա պիտի շառը քցեն չէ՞: Մեկը հաղթում է, մեկը՝ պարտվում, պիտի սրան համակերպվենք: Ընդդիմությունն ավելի շատ էր «այո» ուզում, քան՝ իշխանությունը: Հարյուր տարի կռիվ էին տալիս, բայց անցան հակառակ յանից, որովհետև մենք սկսեցինք ուզել»:
Անդրադառնալով կարծիքներին, թե ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը «նկարել» է արդյունքները, ՀՀԿ-ական պատգամավորը պատասխանեց. «Ա՜ Մուկուչյանն Այվազովսկի՞ն էր, նստավ ու նկարեց… Մուկուչյանին ինչ թիվ տալիս են, մարդը հայտարարում է, հո հենց նենց չի գրում»:
Սեյրան Սարոյանը նշեց, թե այսօր Հայաստանն արթնացել է «ազատ, անկախ ինչպես միշտ ավելի լավ Հայաստանում, իսկ առաջիկայում ավելի լավ է լինելու»: «Մեր թոռները կապրեն այն երկրում, որը մենք երազել ենք»,- նկատեց նա:










