Թուրքիայի արտգործնախարարը ՌԴ-ին կոչ է արել որոշումները «հանգիստ» կայացնել

15:22 • 11.01.16

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, թե Անկարան միշտ հանգիստ է գործել Ռուսաստանի հետ կոնֆլիկտի ընթացքում, տեղեկացնում է Reuters գործակալությունը:

 

Իր ելույթի ընթացքում թուրք նախարարը նշել է, որ Մոսկվային անհրաժեշտ է ևս նման կերպ որոշումներ կայացնել:

 

Ինչպես տեղեկացնում է Sputnik գործակալության թուրքական ծառայությունը, Չավուշօղլուն անդրադարձել է նաև տարածաշրջանային այլ խնդիրների, խոսել է նաև Իրան-Սաուդյան Արաբիա հակամարտության խորացման վերաբերյալ:

 

«Սաուդյան Արաբիան և Իրանը կարող են խորացնել տարածաշրջանային խնդիրները: Պետք է զգոն լինել։ Մեր երկիրը պատրաստ է ցանկացած ջանք գործադրել այդ լարվածությունը թուլացնելու համար»,- ասել է նա։

 

Իրանի և Սաուդյան Արաբիայի հարաբերությունները սրվել էին այն բանից հետո, երբ  թագավորությունում մահապատժի էին ենթարկել շիա հայտնի քարոզիչ Նիմր ան-Նիմրին: Դրանից հետո Մերձավոր Արևելքում Սաուդյան Արաբիայի գործողությունների վերաբերյալ բողոքի մի շարք ակցիաներ էին տեղի ունեցել, իսկ Իրանը խոստացել էր քարոզչի մահվան համար վրեժ լուծել:
Ավելի ուշ Սաուդյան Արաբիան և մի շարք արաբական երկրներ խզել էին դիվանագիտական հարաբերություններն Իրանի հետ:

Թուրքիայի արտգործնախարարը ՌԴ-ին կոչ է արել որոշումները «հանգիստ» կայացնել