Սինայի թերակղզում կործանված A321 ինքնաթիռի սեփականատիրոջն ԱՄՆ-ում դատի կտան

13:50 • 11.01.16

Սինայի թերակղզում Airbus A321 ինքնաթիռի կործանման հետևանքով զոհերի հարազատները կոլեկտիվ հայց են պատրաստել Նյու Յորքի դատարան ամերիկյան International Lease Finance Corporation ընկերության, ինչպես նաև դրա ռիսկերն ապահովագրած ընկերության դեմ, հաղորդում է Независимая газета-ն:

 

Հենց ILFC-ն է A321 ինքնաթիռի անմիջական սեփականատերը և վերջին երեք տարում այն վարձակալության էր հանձնել ռուսական «Կոգալիմավիա» ընկերությանը։ Գործընթացում կներգրավվեն ոչ միայն ռուս, այլև ամերիկացի փաստաբաններ։

 

Փաստաբանների կարծիքով՝ հարազատներն իրավունք ունեն սեփականատիրոջից ստանալ մինչև 1,5 միլիոն դոլարի փոխհատուցում յուրաքանչյուր զոհի համար։

 

«Մենք պատրաստել ենք նյութեր, որպեսզի ինքնաթիռի սեփականատիրոջից՝ ամերիկյան ILFC ընկերությունից, մահացածների բարեկամների փոխհատուցման վճար պահանջենք»,- ասել է A321-ի մահացած ուղևորների մոտ 100 բարեկամների շահերը Ռուսաստանում պաշտպանող Իգոր Տրունովը։

 

Հիշեցնենք, որ Եգիպտոսի Շարմ էլ Շեյխ քաղաքից Սանկտ Պետերբուրգ թռչող ռուսական ինքնաթիռը հոկտեմբերի 31-ին վթարի էր ենթարկվել Սինայի թերակղզում: Ինքնաթիռի 217 ուղևորներն ու անձնակազմի 7 անդամները զոհվել են։

 

 

 

Սինայի թերակղզում կործանված A321 ինքնաթիռի սեփականատիրոջն ԱՄՆ-ում դատի կտան